Zham.am-ը գրում է.
Ընդհանուր առմամբ Փաշինյանին բնորոշ չէ իր սխալները ընդունել։ Ավելին, նա չի համարում, որ երբևիցե կարող է սխալվել։ Այդպիսին են բոլոր տեսակի պոպուլիստ–բռնապետերը։
Սակայն այսօր նա այնքան նեղն է ընկել, որ դավաճանելով իր իսկ ոճին՝ «վնգստալ» և « բուդկա» ձևակերպումներից հետո որոշել է ՍԴ–ի ներկայիս նախագահին «Եւս մեկ շանս տալ ճիշտ կողմնորոշվելու համար»։
Հասկանալի է, որ «Ազատությանը» տված իր հարցազրույցից հետո նա սեփական դեմքով չէր կարող դա անել։ Նրա տեղը ՍԴ– ի նախագահին «առաջարկություն» անում է իր «լրատվամիջոցը»։
Մասնավորապես, եթե օրեր առաջ Փաշինյանն ու նրա շրջապատը պատրաստ էին Հրայր Թովմասյանին, «դատափետել, գնդակահարել և խարույկի վրա վառել», ապա Վենետիկի հանձնաժողովի վերջին հայտնի արձանագրությունից հետո նրանք հայտնվել են անորոշության մեջ։
Իսկ երեկ Փաշինյանի լրատվամիջոցը նույնիսկ «առաջարկությամբ է» հանդես եկել։ Այսպես՝ վերլուծելով, թե ինչ երկընտրանք ունի Հրայր Թովմասյանը, նշում է բառացի հետևյալը. «...Ամեն դեպքում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր կան, եւ որոշումը պիտի կայացնի Հրայր Թովմասյանը: Նա ինքը պիտի որոշի՝ կամ հաշվի առնի անձամբ իր եւ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի նկատմամբ հասարակության վերաբերմունքն ու հրաժարական տա, կամ պիտի կտրի «անցյալի կապերն» ու իսկապես անկողմնակալ լինի, կամ էլ (սա պետության համար ամենաանցանկալի տարբերակն է) պիտի շարունակի ծառայել նախկիններին՝ որպես վերջին բաստիոն, ու աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ բարձրացնի իր նկատմամբ իբր իրականացվող քաղաքական հալածանքների մասին ...»։
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ այս խմբագրականում արդեն «բուդկա» և «վնգստոց» չկային։ Ավելին՝ պարզվում, որ Հրայր Թովմասյանը նույնիսկ կարող է անկողմնակալ դառնալ, եթե իհարկե համաձայնվի հայտնվել Նիկոլ Փաշինյանի գրպանում։
Փաստացի Փաշինյանը Հրայր Թովմասյանին չկարողանալով հաղթել՝ փորձում է սիրաշահել՝ չհասկանալով, որ նման քայլերով ինքը՝ որպես գործիչ, շուտով կորցնելու է նույնիսկ իր գործընկերների զգալի մասին։ Քանզի 21 դարում ոչ ոք չի ուզում «վնգստացողի» դերում հայտնվել, իսկ Փաշինյանի համար չկան գործընկերներ, կոլեգաներ, մրցակիցներ։ Նա դասական բոլշևիկյան մտածող գործիչ է, որի համար «ով իր հետ չէ իր դեմ է» սկզբունքը կյանքի գործունեության գլխավոր սկզբունքն է: Այդ իմաստով նրա պատկերացմամբ նոր Հայաստանը փաստացի «բոլշևիկյան Հայաստանն է», որտեղ իր թիմից բացի մնացած բոլորը «հակահեղափոխականներ են»։ Պարզապես ոմանց դա այսօր է ասվել, իսկ մյուսներին դա «վաղը» կասվի։
Սա է իրականությունը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը