Վերջերս ԱԺ-ում ականատես եղանք լսումների ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կազմակերպելու վերաբերյալ. ասում են՝ եկեք հանրաքվե անենք, հնարավորություն տանք, որ ժողովուրդն աջակցի այդ գաղափարին: Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ինքս Եվրոպական խորհրդականի ամբիոնից հանդես գալով հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ լինել մոտիկ այնքան, որքան Եմ-ն դա հնարավոր կհամարի: Եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդը այդ գաղափարին չի աջակցում, ես այդպիսի հայտարարություն չէի անի: Կամ եթե ես նման հայտարարություն անեի այն պայմաններում, որ ՀՀ ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես ՀՀ վարչապետ չէի լինի այդ հայտարարությունից հետո:
Հիմա խնդիրը ո՞րն է. անել հանրաքվե պարզելու համար ժողովրդի կարծիքը. Կներեք, ես որպես պաշտոնյա, որ իրավասու եմ ներկայացնել Հայաստանի ժողովրդին, ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը: Հիմա հանրաքվե անե՞լ, թե՞ չանել, ինչո՞ւմ է պրոբլեմը: Եթե մենք այսօր անում ենք հանրաքվե, մենք պետք է անենք քարոզարշավ: Երբ մենք գնանք քարոզարշավ, մարդիկ մեզ տալու են հարցեր՝ սկսած ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով: ԵՄ-ն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում: Ինձ ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն է պատրաստ: Հիմա հարց՝ ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ: Ես այդ հարցի պատասխանն այսօր չեմ կարող տալ»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով, ԵՄ-ում էլ են այսօր պրոցեսներ տեղի ունենում եւ իրենք պետք է դա գնահատեն. «ԵՄ-ում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները առնվազն որոշակի հարցեր են բարձրանում»,- ընդգծեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը