24 07 2019

«Կոնսենսուս մինուս 1»-ի մեկնարկը. Panorama.am

«Կոնսենսուս մինուս 1»-ի մեկնարկը. Panorama.am

Panorama.am-ը գրում է.

«Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ հայկական  կուսակցությունները   համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Սովորաբար նման միասնական քայլերի մեր կուսակցությունները  դիմում են ոչ այնքան հաճախ, և գրեթե միշտ  այն դեպքերում, երբ Հայաստանի անվտանգությանը և ապագային սպառնացող վտանգ կա։ Այսօրվա միասնականությունը ևս պայմանավորված է մեր պետության կործանմանը տանող ներկա իրողությամբ՝ այն է իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը կոպտորեն խախտելով  դրանք  մեկ անձի ենթարկեցնելու հետ։  Հուլիսի 22-ին «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Հ. Յ. Դաշնակցություն, «Մեկ Հայաստան», Ռամկավար Ազատական կուսակցությունների համատեղ հայտարարությունը վերաբերում էր  Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձություններին ։  Անցյալ տարվանից, ինչ սանձազերծվեց  Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մարտիմեկյան սարքովի գործը, հազար կողմից ասվել և ասվում  է, որ ընտրովի արդարադատությունը  դամոկլյան սուր է՝ կախված հասարակության ցանկացած անդամի գլխին։ Իշխանության կամքին ու քմհաճույքին ենթակա դատաիրավական համակարգը պետության  մեջ գցած ցեց է, որը քայքայում է ամեն ինչ։ 

Հենց այս մտահոգությունն է ստիպել միավորվել կուսակցություններին, քանի որ հիմնական զարգացւմները  դեռ առջևում են։ Դատավորների արժանապատվությունը վիրավորելն ու ՍԴ-ն «բուդկա» դիտարկելը այն նախազգուշացնող ազդակներն  էին, որ իշխանությունները տանկա-տրակտորային  միջոցներից էլ չեն խորշի դատական համակարգը ենթակեցնելու ճանապարհին։ Բայց․․․ «բայցեր»  ու խոչընդոտներ շատ կան այդ ճանապարհին։ Չէ որ արտաքին աշխարհն է արդեն մտահոգություն հայտնում՝  հանձինս  ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի։ Իսկ  ներհանրապետական  հիմնական խոչընդոտը կդառնա Ռոբերտ Քոչարյանի  կողմից հրապարակ նետված «կոնսենսուս մինուս մեկ»  ձևաչափը  , որը դատելով կուսակցությունների տարածած հայտարարությունից՝ սարերի հետևում չէ։ Եթե անգամ Հայաստան պետության վարկը աշխարհի աչքին զրոյացնելու հաշվին Փաշինյանը շարունակի ապօրինի մեկուսացման մեջ պահել էքս-նախագահին, միևնույն է՝ քաղաքական դաշտի միավորման  գործընթացն արդեն սկսված է։  Եվ մեծ հարցական է,  թե իրական մեկուսացման մեջ արդյունքում ով  կհայտնվի։ Հիշենք վերջին օրերի դեպքերը․ Գյումրիում վարչապետը բացահայտորեն չէր ուզում շփվել ժողովրդի հետ, անգամ վիրավորեց խնդրանքով իրեն դիմած բազմազավակ մորը։

Հուլիսի 22-ին ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ րատվամիջոցներից միայն «Ազատությանն» է թույլ տրվել անցնել ժապավենով առանձնացված տարածքից ներս։ Դե, իսկ Իջևանում պայթեց «ժողովրդի իշխանություն» առասպելը։ Ընդհանրապես, իջևանյան վերջին իրադարձությունները իրարամերժ զգացողություններ են առաջացնում, որոնք  բոլորն էլ  հանգում են նրան, որ կատարվածը ապաշնորհ կառավարման  հետևանք է, անկախ նրանից,  թե անտառից փայտ տանելու արգելքի  իրական նպատակ ո՞րն էր՝ իրոք օրինական դաշտ բերել փայտի բիզնեսը, թե՞ ոլորտի տեր դարձնել յուրայիններին։ Փաստը մնում է այն, որ ժողովրդին սիրաշահելով փողոց փակած ու շանտաժով իշխանություն զավթած անձը,  ընդամենը մեկ տարի  անց,  նույն ժողովրդի հետ խոսելու մեկ  միջոց ունի՝ ոստիկանական մահակը։ Պարադոքս է՝  2008-ի մարտի 1-ին ընդդիմադիր Նիկոլը ցուցարարներին էր ուղղորդում ոստիկանների դեմ, 2019-ի վարչապետ Փաշինյանը ոստիկաններին է հանում ցուցարարների դեմ։ Լավ կառավարիչը միայն ուժայինների վրա հենվելով երկիր չի կառավարի։

Ընդհանրապես, ցանկացած   կառավարիչ կարող է ունենալ երկու կարգի լեգիտիմություն՝  իրապես ընտրված լինելու և իրապես լավ կառավարելու․․․ երկրորդի  առումով Փաշինյան Նիկոլը  բացարձակապես իր տեղում չէ։ Այս ակնհայտ իրողությունն է ստիպել  միավորվել հայաստանյան կուսակցություներին, որոնց համատեղ հայտարարությունն ավարտվում է հետևյալ տողերով․«Գործող  քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների շարունակվելու դեպքում՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում հասու միջոցներով հակազդելու ենք բոլոր ապօրինի գործողություններին և պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին»։ Կարող ենք արձանագրել, որ «Կոնսենսուս մինուս 1»-ի  մեկնարկը սկսված  է»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ