10 07 2019

Դուք իրավացի չեք, պարոն Տուսկ. Ստեփանակերտի արձագանքը․ News.am

Դուք իրավացի չեք, պարոն Տուսկ. Ստեփանակերտի արձագանքը․ News.am

Արցախը մարդու իրավունքների համար արյուն է թափել եւ ոչ պակաս, քան ԵՄ անդամ երկրները ներդրումներ կատարել՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Երեւանում եւ Բաքվում Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հայտարարությունները։   

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Տուսկի հայտարարությունները վկայում են հայ-ադրբեջանական հակամարտության աղավաղված պատկերացման մասին։

«Անհրաժեշտ է կոշտ եւ անկեղծ խոսել այդ մասին, քանի որ մեզ համար կարեւոր են Եվրոպայի հետ հարաբերությունները, մենք Եվրոպային ընդունում ենք ոգու եւ ընդհանուր քաղաքակրթության առումով որպես եղբայրական տարածք։ Անկեղծությունն ու ուղղախոսությունը վստահելի հարաբերությունների անբաժանելի մասն են, իսկ չհասկացվածությունը կործանում է հարաբերությունները»,- նշել է Բաբայանը։  

Նրա գնահատմամբ՝ Բաքվում տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները անհավասարակշռություն են առաջացնում։

«Հավասարակշռությունը պահելու համար Տուսկը պետք է հիշի ազգերի ինքնորոշման իրավունքը։ Չէ՞ որ դրանք սկզբունքներ են, որոնցից ոչ մեկն առավելություն չունի մյուսների նկատմամբ, եւ չի նշում՝ ով է ճիշտ կամ ով է մեղավոր։ Սակայն մեկ սկզբունքն առանձնացնելու փորձերն ու մյուսների մասին մոռանալը կանխակալության մտքեր են առաջացնում։ Ի՞նչ է դա, մեզ կոնցլագեր տանելու փո՞րձ։ Նման համեմատությունները տեղին են քաղաքակիրթ բառարանի շրջանակում»,– նկատել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, հաճախ սկզբունքներով ղեկավարում են անձնական շահերը՝ նավթը,  խավիարը։

«Արցախը բարոյական իրավունք ունի կոշտ պատասխան տալ դրան։ Արդեն ավելի քան 100 տարի Արցախի բնակիչները մարտնչում ու արյուն են թափում իրենց իրավունքների համար։ Լեռնային Ղարաբաղը մարդու իրավունքների համար պայքարի պիոներ է եւ ներդրումներ է կատարել՝ ի պաշտպանություն եվրոպական արժեքների, ոչ պակաս, քան ԵՄ անդամ երկրները»,- ասել է Դավիթ Բաբայանը՝ ցավով նշելով  արժեքների ճգնաժամը՝ երբ ասում են մի բան, անում՝ մեկ այլ բան։ 

Նրա խոսքով՝ դա ավելորդ անգամ ցույց է տալիս, որ բոլոր հույսերը կապվում են ինչ-որ մեկի հետ, մեկի, որը պետք է գա ու փրկի։

«Ուժը համախմբան, սեփական ուժի ամրապնդման մեջ է, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ համագործակցության զարգացման, սակայն առաջին հերթին՝ ի շահ սեփական երկրի»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ