ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վեց հոդվածներով դատի է տվել լրատվամիջոցներին՝ զրպարտության համար պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում։ Այս մասին նա հայտնեց Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
Առաջինը Newspress.am կայքի «Թե ով է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենա և ինչի համար» հոդվածն է:
Ըստ պատգամավորի՝ հոդվածում նշվող տեղեկությունը, թե «Գուդվին» ընկերության շահերը պաշտպանելու համար պատգամավորն ընկերության սեփականատիրոջ կողմից 150 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացել, իրականությանը չի համապատասխանում:
«Գուդվինի սեփականատերն ինձ մեքենա չի նվիրել»,- հավատացնում է պատգամավորը:
Սարգսյանը լրատվամիջոցի դեմ երկու հայց է ներկայացրել, հաջորդը «Հերթական թանկարժեք նվերը՝ 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար Հայկ Սարգսյանին» նյութի համար է, որտեղ նշվում է, որ Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանը Սարգսյանի գերթանկարժեք հեռախոսահամար է նվիրել:
Պատգամավորը երկու հայց է ներկայացրել նաև «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ «Խորհրդարանում նոր Շմայս է հայտնվել» և «Պատգամավոր Հայկ Սարգսյանը «դեբոշ» է սարքել Երևան-Մոսկվա ինքնաթիռում» վերնագրով հոդվածների համար:
Պատգամավորին վրդովեցրել են այն նախադասությունները, որտեղ օրաթերթն իրեն անվանել է «Նիկոլ Փաշինյանի ախռանիկ» և «շիշ բռնող»:
«Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի երբեմնի «ախռանիկ» Հայկ Սարգսյանը: Ի՞նչ է նշանակում «ախռանիկ», ինչո՞ւ է ինձ «Հրապարակը» անվանում «ախռանիկ: Այո, հեղափոխության օրերին ես եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, բայց ոչ թե իր ախռանիկն եմ եղել», - ասաց Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը