Panorama.am-ը գրում է.
«Ազգովին հասել ենք ճամփաբաժնին։ Պետք է ընտրել հետագա ճանապարհը։ Խոսքը մեր մեջ, ընտրելու տարբերակներ առանձնապես չկան՝ կամ մնում ենք ինքնիշխան պետություն, կամ դառնում ենք օտարների վասալ։ Կա նաև բռնապետական երկիր դառնալու ճանապարհը․․․բայց ախր այդպիսին դառնալու ռեսուրս չունենք, որքան էլ որ ոմանք երազեն։ Առնվազն մենք մեզ սեփական հումքով պահել պիտի կարողանանք, Ռուսաստանի ու Ամերիկայի միջև չպետք է տվայտվենք, Եվրադատարանի ու Վենետիկի հանձնաժողովի խոսքը չպետք է հաշվի առնենք, որպեսզի բռնապետական նկրտումներ ունենանք։ Փոխարենը՝ մեր հարստությունը խելք ու արժանապատվություն ունեցող մարդկային ռեսուրսն է, ում գլխին բռնապետ դառնալը աբսուրդի ժանրից է։
Լավ թե վատ, հարուստ թե աղքատ, բայց շարունակել ինքնիշխան պետություն մնալ, նախընտրում են նրանք, ում համար անկախությունը բացարձակ արժեք է, իսկ երկրի զարգացմանը խոչընդոտող արգելքները դիտվում են որպես իրավական հարթությունում լուծվելիք խնդիրներ․ անշուշտ քաղաքական կամքի առկայության դեպքում։ Ի դեպ, հենց այս խոստումները շահարկելով իշխանության հասավ հայաստանյան այսօրվա ղեկավարությունը․․․ բայց հասնելուն պես ընթացքը փոխեց։
Շատ ծանոթ պատմություն է։ Դե իհարկե, մի 30 տարի առաջ արդեն տեսել ենք՝ ոնց են «պայքար» ու «Ղարաբաղ» գոռալով իշխանություն վերցնում, հետո՝ ներմուծում ալան-թալանով վայրի կապիտալիզմ, հետո ընդառաջ գնալով օտարի շահերին ու պահանջներին՝ ցանկանում ձերբազատվել Ղարաբաղից․․․ ու էդտեղ էլ փորեցին իրենց գերեզմանը։ Հիմա նույն ձեռագրով՝ այս իշխանությունը համահայկական բարրօրության խոստումները իրականության մեջ շատ արագ վերածեց համազգային պառակտման փուլերի, և այժմ դարձյալ Արցախն է դիտվում որպես Հայաստանի զարգացման խոչընդոտ։ Առայժմ ոչ մի կոնկրետացում չկա, քանի որ իշխանությունները տնտղում են հասարակության տրամադրությունները։ Տարբեր սցենարների ակնարկներ են ասպարեզ նետվում, իբր լուրեր են սպրդում, կամա թե ակամա գաղտնիքների արտահոսքեր են լինում՝ ճիշտ տարբերակն ու հարմար ժամանակն ընտրելու համար։
Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Պատահական չեն նաև իշխանական բարձր էշելոններում ՀՀՇ-ՀԱԿ-ական կարկառուն գործիչների կամ նրանց զավակների հայտնվելը, որն անկասկած տասնամյա ծրագրավորման արդյունք էր (մեկ անգամ չէ վարչապետն ասել, որ հեղափոխությունն անելու համար երկար տարիներ սպասում էին ճիշտ պահին)։ Հիմա՝ հին ու նոր կադրերով կրկին փորձում են կյանքի կոչել Արցախից հեռանալու հին սցենարը, բայց այս անգամ գործում են ավելի զգուշավոր և ավելի հիմնավոր զոնդաժով։ Որովհետև իրենք էլ զգում են, որ սա պետականքանդման վերջին շանսն է, և փոսն արդեն իրենց է սպասում։ Ընդ որում՝ իրենց սխալվել-չսխալվելուց ընդամենը փոսի խորությունն է փոխվելու։
Վերջն ավետող ակնառու ցուցանիշներից մեկը՝ իշխանությունների կոչերին ականջալուր մարդկանց քանակն ու որակն է։ Ինչպես 1990-ականներին, այնպես էլ հիմա, մարդկանց ինչ-որ մի քանակի համար նույնիսկ Հայաստանի անկախությունն ու անվտանգությունն են ստորադասվում «չաղ ու բախտավոր» կյանքի ընկալմանը, էլ ուր մնաց Արցախի ճակատագրով մտահոգվեն։ Բնականաբար, նրանք սպունգի նման ներքաշում են իրենց ստամոքսը շոյող ցանկացած տեսակետ, անվերապահ ընդունում են նշանակված մեղավորներին և բղավում են պահի թելադրանքից բխած լոզունգներ։ Հասարակության այդ մրուրը խառնակ ժամանակներում որսում է իր աստեղային ժամը և աշխատում է լիուլի օգտագործել ընձեռնված հնարավորությունները։ Եվ հայտնվում են «ինքնաբուխ» ցույցերի ու շրջափակումների կենտրոնում, դատարաններում, հարթակներում՝ կոկորդ պատռելով բառերով ու պահանջներով, որոնց իմաստը երևի չեն էլ հասկանում։ Այսօր իշխանությունը մնացել է այդ մրուրի հույսին, որը շուտով կրկին հատակ կիջնի՝ պահանջարկը վերանալու հետևանքով։
Հայաստանը միայն այդ մրուրն ու այսօրվա հայրենատյաց իշխանությունները չեն։ Ճամփաբաժնին ընտրությունը կթելադրեն այն ուժերը, ում համար Հայն ու Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, Հայ Առաքելական եկեղեցին ու ավանդական արժեքները սեփական միս ու արյան նման են»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը