03 07 2019

Էջմիածնի քաղաքապետը չի ներկայացրել տարեկան հայտարարագիրը․ «Հետք»

Էջմիածնի քաղաքապետը չի ներկայացրել տարեկան հայտարարագիրը․ «Հետք»

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլէկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզել է, որ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ: Այնինչ համայնքի ղեկավարը պարտավոր էր հայտարարագիրը ներկայացնել մինչև մայիսի 31-ը։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

Էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ, սակայն Դիանա Գասպարյանը չի ներկայացել գործի քննությանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար Դիանա Գասպարյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժ: Նշված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30-օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200,000 դրամի չափով:

Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի նշված որոշումն ուժի մեջ է մտնում Դիանա Գասպարյանին հանձնելու կամ հանձնված համարվելու հաջորդող օրվանից:

Ավելացնենք, որ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին, այս դեպքում՝ Դիանա Գասպարյանին, չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ