ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ձերբակալվածների փոխանակումը։ Այս մասին հաղորդվում է ԵԱՀԿ կայքում։
«Համանախագահները տեղեկացրել են հումանիտար հարցերում առաջընթացի՝ այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակման մասսին։ ԵԱՀԿ-ի գործող նախագահը ողջունել է այդ հումանիտար քայլը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
ԵԱՀԿ նախագահը հավելել է, որ «այդ քայլը ցույց է տալիս, որ երկխոսությունը հակամարտության հետևանքով տուժածների համար կարող է դրական արդյունքներ գրանցել»:
Նա աջակցություն է հայտնել Մինսկի գործընթացին, համանախագահների աշխատանքին և լարվածությունը նվազեցնելու ու բանակցային գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելու ջանքերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը