Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը փորձում են վերահսկողություն ստանալ դատական իշխանության բոլոր մակարդակների նկատմամբ: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի՝ իրեն ՍԴ նախագահ հռչակելու հայտարարությանը և հիշեցնելով, որ սրան նախորդել են դատարանների մուտքերի արգելափակումն ու ԲԴԽ անդամների հրաժարականները:
«Ենթադրելի է, որ դա եղել է կոմպրոմատների մեթոդներով, այսինքն՝ նրանց վրա ազդեցին և ստիպեցին հրաժարական տալ: Եվ հիմա հաջորդ քայլը Վահե Գրիգորյանի դեպքն էր: Դուք գիտեք, որ նա մեկ անգամ առաջադրվել էր, քվեարկությամբ չէր անցել: Սահմանադրությունը պահանջում է, որ նոր թեկնածու առաջադրվի, նախագահի առաջադրած երկու նոր թեկնածուները չանցան, և նա առաջադրեց Վահե Գրիգորյանին: Հետաքրքիրն այն է, որ Վահե Գրիգորյանը պնդում էր, թե ՀՀ նախագահը լեգիտիմ չէ, բայց այդ նախագահի կողմից իր առաջադրումը համարում է լեգիտիմ: ՀՀ-ում տեղի է ունենում իրավական բեսպրեդել, երբ իրավական տեսանկյունից համարում են, թե ով ինչ կուզենա` կանի, դրա համար էլ Վահե Գրիգորյանը որոշել է, որ ինքը պիտի լինի ՍԴ նախագահ: Սա իրավական հարց չէ, այլ քաղաքական»,- նշեց նա:
Աղասի Ենոքյանը պնդեց՝ իշխանությունների գործողություններին հակադրվող որևէ ուժ չկա՝ և՛ խորհրդարանում, և՛ արտախորհրդարանական ուժերի մեջ:
«Խորհրդարանում եղած ընդդիմությունը չեմ կարծում, որ քաղաքական դիսկուրս է ստեղծում, իրար հակադրվում են, մեկը մյուսին ասում է «սիրուն աղջիկ», բայց դա քաղաքական չէ, դա շոու է՝ ցույց տալու, որ խորհրդարանում կա ընդդիմություն, բայց խնդիրներ առաջ չեն քաշվում: Ես նայում եմ ընդդիմության առաջ քաշած խնդիրները, օրինագծերը, թե դեսպանների քանի տոկոսի դեպքում պետք է քաղաքական նշանակում լինի, մեր այսօրվա վիճակում դա՞ է առաջնային, երբ կան տնտեսական, կոռուպցիայի և դատական բարեփոխումների հետ կապված խնդիրներ»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը