7or.am-ը գրում է․ «Հայաստանում ամեն օր հաստատվում է այն հայտնի բանաձևը, ըստ որի՝ հեղափոխությունը պլանավորում են փիլիսոփաներն ու հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, իսկ վայելում են տականքները։
Հեղափոխությունը տականքներին հանում է ջրի երես։ Մթնոլորտը դառնում է նողկալի։
2018–ի ապրիլին փողոց փակող, նախկինը մերժող ու նոր Հայաստան պահանջող զանգվածը հաստատ չգիտեր, որ դառնալու է հնագույն Հայաստանի վերակենդանացման գործիքը։ Չգիտեր, որ ձևավորելու է տերպետրոսյանական իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։
Հանրությունը չգիտեր, որ քվեարկելու է մի խորհրդարանի ստեղծման օգտին, որի մեծամասնությունը ծափահարելու է Լևոն Տեր–Պետրոսյանի անձնական օգտագործման փաստաբան Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ ինքնահռչակվելու հայտարարությանը։
Հանրությունը չգիտեր, որ 88 քայլարած է գործուղել ԱԺ, որպեսզի նրանք ծափահարեն ստաժավոր հաճախորդ, բանակից ճողոպրելու համար դատված, հարազատների դեմ ցուցմունք տված, մանր ժուլիկությամբ մշտապես աչքի ընկնող և տարատեսակ շրջանակների ձեռքի գործիք Արման Բաբաջանյանի դեմագոգիկ ելույթին։ Այն Արմանի, որը մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն ատամներով պաշտպանում էր նախկին իշխանություններին ու հայհոյում հեղափոխությանը, իսկ հիմա դարձել է Նիկոլից ավելի Նիկոլ, թունդ հեղափոխական և օգտվում է հեղափոխության արդյունքներից։
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է այն թեզը, որ հեղափոխության օրերին հռչակված արժեքները պետք է փրկել հեղափոխականներից և, առավել ևս, հեղափոխության արդյունքներից օգտվող տականքներից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը