Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտոնի առաջարկը ստացել է մեկ օր առաջ։ Վարչապետի կողմից առաջարկն անակնկալ չի եղել, քանի որ տեղյակ էր, որ քննարկվում է իր տեղափոխումը տարբեր պաշտոնների։ Նախարարը նաև նշեց, որ բավարար է համարում իր աշխատանքային փորձը արդարադատության ոլորտում, և իր տարիքային առանձնահատկությունները որևէ կերպ չեն ազդելու նախարարությունը կառավարելու արդյունավետության վրա:
«Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո: Այնպես որ, կարծում եմ, բավական է իմ աշխատանքային փորձն արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար, որովհետև մասնավոր ոլորտում աշխատելով՝ ծանոթ եմ թե դատարանների, և թե պետական ոլորտի խնդիրներին»,- ասաց Բադասյանը։
Լրագրողները հարցրին, թե ինչ կարծիք ունի նորանշանակ նախարարը դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին։ Ըստ նախարարի՝ դա ճնշման գործիք չէր, այլ «նպատակ ուներ ցույց տալ իշխանության աղբյուրը»։
Վեթինգին անդրադառնալով՝ Բադասյանն ընդգծեց, որ այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է անկախ դատական համակարգի համար։
Ի պատասխան այն դիտարկմանը, որ իրեն կապում են Սորոսի հիմնադրամի հետ, նախարարն ասաց. «Ես երեւակայական կառույցների հետ իմ երեւակայական կապերը չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ «Սորոս» ասելով ինչ նկատի ունեն»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, Ռուստամ Բադասյանին նշանակել է արդարադատության նախարար։ 28-ամյա Ռուստամ Բադասյանը մինչ այս ՊԵԿ նախագահի տեղակալն էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը