Փորձելով պայքարել ավազակաիշխանական կոռուպցիայի դեմ, Դուք չեք էլ նկատում, որ ստեղծում եք Ձերը՝ իմքայլական կոռուպցիան: Կոտրեք Ձեր մեծամտությունը և լսեք «ժողջան»-ին, որը չի կարող երջանկանալ նրանից, որ ավազակաիշխանական կոռուպցիան փոխվում է իմքայլականով: Այդ իմաստով, ինչպես նաև, հաշվի առնելով, որ օրենքի առջև բոլորը հավասար են, Ձեզ եմ ուղարկում հաղորդումս կոռուպցիայի մասին՝ թողնելով Ձեր «դուխով» հայեցողությանը համապատասխան իրավասու մարմնին այն փոխանցելու համար:
Հաղորդում
ՀՀ Վարչապետի ենթադրյալ կոռուպցիոն որոշման մասին
Հունիսի 14-ին, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջներով, ՀՀ Վարչապետը Զարեհ Սինանյանին նշանակել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:
Սակայն, նույն օրենքը որոշակի պահանջներ է ներկայացնում այդ պաշտոնին, որոնք սակայն ՀՀ Վարչապետն անտեսել է կամ այդ մասին պահանջվող տեղեկատվություն չի ներկայացնում:
Ավելին, Սինանյանի մասին հայաստանցին գիտի միայն այն, ինչ ինքն է ներկայացնում, մասնավորապես, որ Փաշինյանի հետ կերել ու խմել է, որ բարձր պաշտոններից է հրաժարվել, որ իբր ահավոր ընդդիմադիր է եղել ավազակաիշխանությանը և այլն:
Չի ասում միայն, թե ինչո՞ւ է ժամանակավրեպ տեղեկատվութուն տարածել իր սույն նշանակման մասին (Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մաս), թե ինչո՞ւ է հեռացել Հայրենիքից, հայաստանցուս համար դժվարագույն տարիներին, թե ինչո՞ւ զինվորական ծառայություն չի անցել հայոց բանակում (14-րդ հոդվածի 1/5-րդ մաս) կամ չի մասնակցել արցախյան ազատամարտին, ինչո՞ւ է Սփյուռքում իրեն տարանջատում, որպես հայաստանցի կամ այդ ի՞նչ գործունեություն է ծավալել ավազակաիշխանության դեմ, որի արդյունքները հայաստանցուս հայտնի չի:
Եվ, վերջապես, հաշվի առնելով տխրահռչակ Արմեն Սարգսյանի պատմությունը, հայաստանցիս ե՞րբ պետք է տեղեկանա, թե այս գործիչն ինչպես է վերաբերվել ՀՀ քաղաքացության բարձր կոչմանը, թե՞ միայն Վարչապետին է դա հասանելի… Իհարկե ՝ ոչ:
Հասկացանք, որ այս պաշտոնի նշանակումը իմքայլականները վստահել են Վարչապետին, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է արվի «տնական» մակարդակով: Արդյունքոմ, ստվերում են մնացել մի շարք իրավական և բարոյական անհրաժեշտ նորմեր, որոնք պետք է հրապարակվեին նշանակումից առաջ կամ, առնվազն, նրա հետ միասին, ինչը սակայն չի արվել առաջացնելով պաշտոնի անթաքույց չարաշահում:
Ելնելով վերոգրյալից և դիտարկելով այն որպես կոռուպցիոն դրսևորում ՀՀ Վարչապետի կողմից, խնդրում եմ քննարկել սույն հաղորդումս:
Ռուբեն Թորոսյան
ՀՀ ԳԽ Նախագահության անդամ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը