14 06 2019

Էս գործից լավ հոտ չի գալիս, ինքնաբացարկ տվեք. Քոչարյանը՝ դատավորին



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացավ իր պաշտպանների միջնորդությանը և դատարանում՝  իր ելույթում դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին ասաց.

«Հարգելի դատարան, ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, առաջին հերթին, որովհետև փաստաբանների պես ծանոթ չեմ բոլոր այն քրեական գործերին, որոնց վրա հղում է կատարել Սեդա Սաֆարյանը:

Բոլոր այդ քրեական գործերը դատավարությունները եղել են իմ նախագահության ժամկետը ավարտելուց հետո, հետևաբար ծանոթ չէի, չէին զեկուցում, ուղղակի տեղյակ չեմ ինչ է եղել։

Չեմ բացառում, որ որոշ գործերում կարող է սխալներ եղել են կամ չեն եղել, դրա համար չմտնելով բովանդակության մեջ, բայց ծանոթ լինելով այս քրեական գործին, որն ուղղակի ամբողջությամբ կարած գործ է, մենք դեռ հասնելու ենք դրան, եթե ինքնաբացարկ չտաք, հուսով եմ կտաք: Բայց ելնելով այս ամեն ինչից և հնչեցրած ձեր նկատմամբ անվստահության կարծիքներից ևս մեկ անգամ հորդորում եմ Ձեզ՝ Ձեր յախան թափ տվեք էս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: Իրոք լավ հոտ չի գալիս էս ամեն ինչից։ Եվ այս գործը սարքելու համար, այս գործը կարելու համար մարդիկ ապագայում պատասխանատվության են ենթարկվելու՝ շատ խիստ:

Ինչ վերաբերվում է այն փաստին, որ ես եմ ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ, որ ես ինձ վատ եմ զգում այդ հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված: Լավ բան չէ՝ տարիների ընթացքում լինելով համակարգում, այսպիսի համբավ ձեռք բերել: Ոնց որ այս գործը, էսպես ասեմ, ձեր թափի գործը չէ»:

Դատավորի հարցին՝ միանո՞ւմ է Երկրորդ նախագահը պաշտպանների միջնորդությանը, Քոչարյանը պատասխանեց. «Միանում եմ և հնչեցրած ինքնաբացարկի միջնորդություններին և միանում եմ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ