12 06 2019

Արդյո՞ք սա է ուզում մեր հասարակության չունևոր խավը․ Արթուր Ղազինյան

Արդյո՞ք սա է ուզում մեր հասարակության չունևոր խավը․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջերս հաճախ է խոսվում առանց մեղադրական ակտի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման, անցումային արդարադատության և այլ գործիքների մասին։

Ենթադրում եմ, որ մեր իշխանությունների այս քաղաքականությունն ուղղված է հասարակության ունևոր խավի հաշվին առավել չունևոր խավի պահանջմունքները բավարարելուն, ինչի մասին անուղղակիորեն ակնարկեց Փաշինյանը իր երկարաշունչ ասուլիսներից մեկի ժամանակ։

Իսկ մեր հասարակության չունևոր խավին ինչ որ մեկը բացատրել է, որ այս գործընթացի արդյունքում իրենց կյանքը չի լավանալու, չի փոխվելու իրենց կենսակերպը, այլ առաջացնելու է դասակարգային թշնամություն, պայքար, որոշ դեպքերում՝ հակամարտություն։

Արդյո՞ք սա է ուզում մեր հասարակության չունևոր խավը կամ հասկանու՞մ են այս պարզ իրողությունը իշխանության այն մարմինները, որոնք ինչ-ինչ պատճառներով առաջ են տանում այս վտանգավոր մեխանիզմները։

Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ հարուստներին աղքատացնելու փոխարեն կարելի է մտածել և աշխատել աղքատներին հարստացնելու ուղղությամբ։ Հասկանում եմ որ սա շատ ավելի բարդ խնդիր է, պահանջում է համակարգային և դոկտրինալ մտածողություն, տնտեսության և պետական կառավարման համակարգային բարեփոխումներ, բայց դա պետք է անել։

Հարուստներին չքավոր խավի աչքերում սատանայի կերպար տալով և դասակարգային թշնամություն սերմանելով աղքատության մեջ գտնվող մեր քաղաքացիների կյանքը չի փոխվելու, քանի դեռ նրանք չեն սկսել աշխատել և իրենց աշխատանքով իրենց ընտանիքների և պետության համար բարիք ու արժեք ստեղծել։

Եկեք մտածենք այս ուղղությամբ, փոխենք մեր մոտեցումները, աշխատենք աղքատներին հարստացնելու, այլ ոչ թե հարուստներին աղքատացնելու ուղղությամբ։

Հավատացնում եմ, դա հնարավոր է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ