11 06 2019

«Մարտի մեկում» մնալու հետևանքները

«Մարտի մեկում» մնալու հետևանքները

Top-news.am-ը գրում է․ «Որեւէ բանական մարդ չի կարող վիճարկել, որ Հայաստանում 2008թ. մարտի մեկին արյունալի ողբերգություն է տեղի ունեցել: Որեւէ մեկը չի կարող չկիսել այն տեսակետը, որ այն դաս պետք է լինի հետագայում այն չկրկնելու համար: Միանշանակ է, որ պետությունը պետք է ներողություն խնդրի զոհերի հարազատներից եւ նրանց հնարավորին չափ մեծ փոխհատուցում վճարի:

Մյուս կողմից, չի կարելի «Մարտի մեկի» գործն անդադար շահարկել, օգտագործել այս կամ այն քաղաքական հարցը լուծելու համար, որպես գործիք կիրառել այս կամ այն քաղաքական գործչի դեմ: Եւ ամենակարեւորը, չի կարելի անվերջ խաղալ զոհերի ծնողների եւ հարազատների զգացմունքների եւ հույզերի հետ:

Չի կարելի անվերջ մնալ «Մարտի մեկում», չի կարելի երկիրը ցնցումների ենթարկել եւ բոլորին պահել այդ ողբերգական իրադարձությունների մեջ, թույլ չտալով այնտեղից դուրս գալ:

Անթույլատրելի է մեկ հոգու կասկածելի ցուցմունքներով քրեական գործեր հարուցել եւ մարդկանց զրկել ազատությունից: Այս ամենը թուլացնում, քայքայում է երկիրը, այս ամենը ավելի է թուլացնում մեր առանց այն էլ թույլիկ տնտեսությունը եւ վանում կապիտալը:

Պատկերացրեք, թե ինչ կլիներ չինացիների հետ, եթե նրանք մնային Տյանանմենի ողբերգության մեջ, դուրս չգային այդ ողբերգությունից եւ շարունակ մեղավորներ փնտրեին եւ դատեին: Ի դեպ, Տյանանմենում, տարբեր գնահատականներով, 1989թ. հունիսի 4-ին զոհվել է 200-1000 մարդ, հիմնականում ուսանողներ:

Ամերիկացիները եւս կարող էին մնալ 2001թ. սեպտեմբերի 11-ում եւ դուրս չգալ այնտեղից, պահանջելով դատել այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշին կամ անվտանգության ծառայության ղեկավարներին, որոնք չեն կարողացել կանխել ողբերգությունը:

Օրինակները շատ են: Մնում է հաշվի առնել այլոց փորձը, սովորել նրանցից, թե ինչ է պետությունը եւ ինչ պետք է անել երկրի զարգացումը չկանգնեցնելու, միաժամանակ ողբերգությունից դասեր քաղելու համար:

Անընդունելի է այն կեցվածքը, երբ մի խումբ մարդիկ կարծում են, թե իրենք բոլորից ավելի արդար են, սկզբունքային եւ բոլորից ավելի շատ են ցավում մարտի մեկին տեղի ունեցածի համար: Նման պահվածքը ոչ միայն անընդունելի, այլ նաեւ վտանգավոր է:

Մենք պետք է շրջենք մարտի մեկի էջը, առաջ շարժվենք, եւ ոչ թե անդադար փորփրենք այդ վերքը, երկիրը թողնելով դրանից բխող մթնոլորտի տակ:

Եւ եթե այդքան սկզբունքային եք, ապա ինչու չեք փորփրում 1996թ. սեպտեմբերի 26-ի գործը, ինչու չեք փնտրում 1990թ. մայիսի 27-ի արյունալի ողբերգության մեղավորներին: Եթե այդքան սկզբունքային եք, ապա ինչո՞ւ եք ընտրողական մոտեցում ցուցաբերում:

Անդադար խոստանալով հերթով պատժել մարտի մեկի բոլոր մեղավորներին, ընդամենը երկիրը շպրտում եք դեպի անցյալ, ընդամենն արգելակում եք երկրի բնական զարգացումը: Իհարկե, կարելի է կուրծք ծեծելով խոսել արդարության հաղթանակի, սկզբունքայնության մասին, բայց այդպես միայն ինքներդ ձեզ կխաբեք:

Կասկածելի քրեական գործերով մենք «մարտի մեկի» գործը ոչ թե բացահայտում, այլ ավելի ենք մխրճվում դրա մեջ: Իսկ երկիրը ուզում է հայտնվել «2019թ. հունիս»-ում, որտեղ տնտեսություն է զարգանում, նոր տեխնոլոգիաներ են զարգանում, ժողովրդավարությունն իսկական է եւ ոչ թե օդում կախված, եւ որտեղ մարդն իրեն մարդ է զգում, եւ ոչ թե ինչ որ մեկի գործիք եւ արժանապատիվ աշխատանքով ապահովում արժանապատիվ եկամուտ:

Գեղամ Նազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ