07 06 2019

Գևորգ Դանիելյանին ճնշել են, Զեյնալյանին` ստիպել հրաժարական տալ․ կարծիք․ «Առավոտ»

Գևորգ Դանիելյանին ճնշել են, Զեյնալյանին` ստիպել հրաժարական տալ․ կարծիք․ «Առավոտ»

«Գեւորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի տողատակից կարելի է հասկանալ, որ Գեւորգ Դանիելյանը տարբեր տիպի ճնշումների ազդեցության տակ է տվել հրաժարականը, եւ այլեւս այդ ճնշումներին չի կարողացել դիմանալ, սա պարզ երեւում է նրա ուղերձից»: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին եւ ֆեյսբուքյան իր էջում մանրամասն ներկայացրել՝ ինչո՞ւ:

Իշխանյանի կարծիքով՝ որեւէ մեկը չի կարող մեղադրել Դանիելյանին, որ այդպիսի ճնշումներին կարելի է դիմանալ: Իսկ այդ ճնշումներն, ըստ Իշխանյանի, իշխանության ներկայացուցիչներից են եղել. «Սրան գումարած այն, որ այսօր հասարակական եւ իշխանության ճնշումները համընկնում են: Եթե առաջ այլ էր իրավիճակը, այսօր համընկնում են, մի կողմից՝ հասարակական ճնշումներն են, մյուս կողմից էլ, ներքին համոզվածություն ունեմ, եղել են այլ ճնշումներ իշխանության կողմից»:

Այսօր արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Արտակ Զեյնալյանը: Իշխանյանի կարծիքով՝ Զեյնալյանն ինքնակամ չէ հրաժարվել պաշտոնից:

Իրավապաշտպանը հետհայացք է ձգում ամիսներ եւ նույնիսկ տարիներ առաջ իրադարձություններին. «Նախ՝ եթե մինչեւ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններն Արտակ Զեյնալյանի նախարարի պաշտոնում լինելը հասկանալի էր, որովհետեւ կոալիցիոն կառավարություն էր, ապա այդ ընտրություններից հետո նորից Զեյնալյանին նշանակել նույն պաշտոնին մի քանի հարցեր է առաջացնում:

Ի վերջո «Իմ քայլը» հավաքել էր 70% -ից ավելի ձայն, կոալիցիա կազմելու կարիք չկար, եւ անհասկանալի էր՝ ինչո՞ւ Զեյնալյանը նշանակվեց: Այստեղ կարող է 3 վարկած լինել. 1-ինը՝ բարձր կարգի մասնագետ էր եւ անփոխարինելի այդ պաշտոնում, 2-րդ՝ Փաշինյանի անձնական համակրանքը, 3-րդ՝ քաղաքական հաշվարկ: 1-ին վարկածը հիմնավոր չէ, չեմ կարծում, թե՝ նա անփոխարինելի էր ու բարձր կարգի այլ մասնագետ չկար: 2-րդ վարկածը՝ անձնական համակրանքը, դա նույնպես հիմնավոր չէ, քաղաքականությունում անձնական համակրանքն այնքան էլ դեր չունի, հատկապես որ «Իմ քայլ»-ի շատ անդամներ հավակնում էին այդ պաշտոնին

Ապա` Իշխանյանը զուգահեռներ է տարել 2017-ին ՀՀԿ-ի ձայների եւ կոալիցիա կազմելու միջեւ: Իրավապաշտպանի մեկնաբանությամբ՝ երբ 2017-ին ՀՀԿ-ն 60% մեծամասնություն էր, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմեց, որովհետեւ Սերժ Սարգսյանը փորձում էր այդպես սփյուռքի կառույցների նկատմամբ որոշակի վերահսկողություն ունենալ: Իսկ ահա Զեյնալյանին արտահերթ ընտրություններից հետո նույն պաշտոնին նշանակելով, Իշխանյանի խոսքերով ասած՝ կարեւոր բան պետք է հաշվի առնել՝ չնայած 1999 թվականին Վազգեն Սարգսյանը զոհվել է, բայց նա դեռեւս քաղաքական  մեծ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական կյանքում.

«Իր ստեղծած երկրապահ կամավորականների միությունով եւ այլն: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո այդ միության նախագահի հավանական թեկնածուն Վազգեն  Սարգսյանի եղբայր Արամ Սարգսանն էր, եւ կարծում եմ Զեյնալյանի նշանակումով չեզոքացվեց Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ նախագահ դառնալը: Որպես «կոմպրոմիս» Զեյնալյանը դարձավ նախարար, իսկ Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ: Եվ ահա «մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:

Իշխանյանի ներկայացմամբ՝ Զեյնալյանի հրաժարականի տեքստից ոչինչ չի հասկացվում, ի տարբերություն Գեւորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի. «Եվ ի տարբերություն Դանիելյանի հրաժարականի, Զեյնալյանի հրաժարականը կամավոր չի եղել, նրան ստիպել են կամ հասկացրել են հրաժարական տալ, ինչպես որ ընդունված է Հայաստանում, որովհետեւ Հայաստանում հրաժարականի մշակույթ չկա: Միակ փորձը Մանե Թանդիլյանինն էր, բայց «Լուսավոր Հայաստանն» իր շահերից ելնելով ստիպեց նրան հրաժարվել իր հրաժարականից»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ Արտակ Զեյնալյանի գործունեությունից դժգոհություններ կային, մասնավորապես նրա՝ դատական համակարգի բարեփոխումների էվոլյուցիոն  ճանապարհով մոտեցումից, իրավապաշտպանն այսպես արձագանքեց.

«Ես մի փոքր վերապահումով եմ մոտենում այն  հանգամանքին, որ սլաքներն ուղղում են Զեյնալյանի վրա: Եթե Փաշինյանը հանձնարարական տար, որպեսզի Զեյնալյանն այդ ուղղությամբ աշխատի, ես համոզված եմ, Արտակ Զեյնալյանը թեւքերը քշտած կաշխատեր եւ հանձնարարականներ կտար, եւ բարեփոխումների փաթեթը, անցումային արդարադատության փաթեթը պատրաստ կլիներ: Համոզված եմ՝ նախարարները ինքնուրույն չեն որեւէ ուղղությամբ աշխատելիս: Նրանք զգուշանում են, որ կարող է վարչապետին դուր չգա կամ պետք է վարչապետը հանձնարարականը լինի՝ «շառից հեռու» սկզբունքով»։

Իշխանյանը նկատել է՝ պատահական չէր, որ ԱԺ-ում անցումային արդարադատության մասին ելույթ էր ունենում ոչ թե Զեյնալյանը, այլ՝ տեղակալը, եւ դա եղել է Փաշինյանի հանձնարարականով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ