Մայիսի 31-ին Սորոսի գրասենյակի դիմաց «ՎԵՏՕ» շարժման խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց խաթարել ոստիկանական աննորմալ քանակությամբ շատ ուժերի կուտակման միջոցով: Հայտարարում ենք, որ չի հաջողվելու «ՎԵՏՕ» շարժմանը հետ պահել, ստիպել նահանջել մեր օրակարգից. մենք շարունակելու ենք մեր ակցիաները օտարերկրյա գործակալական ցանցի դեմ նույնիսկ այն դեպքում, եթե կառավարություն և ԱԺ ներթափանցած գործակալական ցանցը որոշի Սորոսի գրասենյակը ճանաչել հատուկ պահպանվող տարածք, ինչն մայիսի 31-ին արդեն հասկացանք, որ այդքան էլ անիրատեսական չէ: Մայիսի 31-ի ակցիայից հետո փաստում ենք հետևյալը.
1. Ապացուցվեց, որ Հայաստանում պաշտպանված չեն դատարանները, Ազգային ժողովը, քանի որ դրանք կարելի է շրջափակել կամ փակել, բայց գերպաշտպանված է Սորոսի գրասենյակը, որը պահպանում են ոստիկանական մեծաքանակ ուժեր՝ չթողնելով նույնիսկ մոտենալ այդ կառույցին:
2. Ժողովրդավարական երկրում օրենքի շրջանակներում իրականացվող խաղաղ, քաղաքացիական ակցիան փորձ արվեց ճնշել իշխանությունների կողմից՝ Սորոսի պատվերով և հրահանգով:
3. Իշխանությունների կողմից ՀՀ իրավապահ համակարգը ծառայեցվեց Սորոսին և վերջինիս գործակալական ցանցին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
4. Հիմնավորվեց, որ Սորոսի գրասենյակի, ինչպես նաև դրա ղեկավար Լարիսա Մինասյանի նկատմամբ հանրային որևէ վստահություն չկա, հակառակը կա հանրային պահանջ՝ այն փակելու, ուստի վերջինս փորձում է պաշտպանվել ոստիկանական ուժերի միջոցով: Փաստացի, իրեն քաղաքացիական հասարակության պաշտպան համարող կառույցը պաշտպանվում է քաղաքացիական հասարակությունից ոստիկանների միջոցով:
5. Ապացուցվեց, որ իշխանությունն այնքան է թուլացել, որ օտարերկրյա գործակալներին սկուտեղի վրա մատուցում է արդեն ՀՀ պետականության կարևորագույն օղակներից մեկը՝ իրավապահ համակարգը՝ ոստիկանությանը դարձնելով Սորոսի գրասենյակը սպասարկող մարմին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք հապաղելու ժամանակ և իրավունք չունենք: «ՎԵՏՕ»-ն հայտարարում է՝ երկուշաբթի` հունիսի 3-ին, ժամը 15:00-ին Սորոսի գրասենյակն արգելափակելու հաջորդ ակցիան իրականացնելու մասին: Բազմաթիվ մարդկանց աջակցությունը մեզ ոգևորում է: «ՎԵՏՕ»-ն շարունակելու է իր ակցիաները և ավելի մեծ թափով, ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ մեր երկրի պետականությունն ու ազգային արժեքները կոտրել փորձող օտարերկրյա գործակալական ցանցն արմատախիլ անելու հարցում:
Վերջնագիր երկիրը տվող օտարներին
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը