Politik.am-ը գրում է․ «Ակնհայտ է, որ Հայաստանում կան անցյալի, ներկայի եւ գուցե ապագայի հավակնությամբ ուժեր, գործիչներ, ովքեր ուզում են պատմական մոռացության մատնել Քոչարյանին, ըստ այդմ, լուծելով կամ անձնական քինախնդրության խնդիր կամ ուղղակի չեզոքացնելու համար Քոչարյանի գործոնն ապագա քաղաքական զարգացումներում։
Այս նպատակների համար կիրառվում են բոլոր մեթոդները՝ կեղտոտ եւ զանգվածային հակաքարոզչություն, քրեական հետապնդումներ, սպառնալիքներ եւ այլն։ Սա փորձված մեթոդ է, եւ այս կամ այն չափով կիրառվել է նաեւ այլ իշխանությունների օրոք, բայց դա չի բերում ցանկալի արդյունքի։ Կա շատ ավելի պարզ ճանապարհ, ինչպե՞ս անել, որ Քոչարյանի գործոնն էապես նվազի։ Որեւէ իշխանություն պարզապես դրա համար պետք է.
1. Ապահովի երկնիշ տնտեսական աճ
2. Բյուջեն 1,6 միլիարդ դրամից երեք տարվա ընթացքում դարձնել 3.2 միլիարդ
3. ՀՆԱ-ի միջին տարեկան աճը հասցնել գոնե տասը տոկոսի
4. Երեք տարի շարունակ ունենալ ներգաղթի ցուցանիշներ
5. Կարողանալ Քրքորյանի օրինակով մեկ այլ աղբյուրից 400 մլն դոլարի նվիրատվություն բերել Հայաստան
6. Ալիեւների ընտանիքին թույլ չտալ որեւէ անհարգալից բառ արտասանել կամ հավակնություն ունենալ Հայաստանի հանդեպ։ Սահմանին ապահովել տասը տարվա անկրակոց ռեժիմ
7. ՌԴ-ի հետ ունենալ բացառիկ հարաբերություններ, որի արդյունքում ստանալ հսկայական ներդրումներ, ռուսական կապիտալի զգալի մուտք Հայաստան, եւ իհարկե, Ադրբեջանի հետ ունենալ ռազմական շոշափելի հավասարակշռություն, որոշ պարամետրերով՝ տեխնոլոգիական առավելություն։
8. Տեսանելի հաջողությունների հասնել աղետի գոտում վերականգնման հարցում։
9. Երեւանում ստանալ շինարարության ֆանտաստիկ աճ, մի քանի տարի շարունակ ունենալ որակավորված աշխատուժի դեֆիցիտ, Երեւանի կենտրոնը արեւելյան արվարձանից վերածել եվրոպական մայրաքաղաքի
10. Ստանալ Ցեղասպանության ճանաչման աննախադեպ ալիք ողջ աշխարհով՝ ավելի քան քսան երկիր եւ միջազգային կազմակերպություն
11. Պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, նման ցուցանիշների պարագայում չփորձել վերարտադրվել, ինքնակամ հեռանալ երկրի կառավարման ղեկից եւ որեւէ կերպ չմիջամտել երկրի կառավարմանը
Հայաստանում ցանկացած իշխանություն, որը կապահովվի այս 11 կետերը կարող է պատմության համար արձանագրել, որ արել է ավելին, քան 2000-2008 թթ-ին արել է Ռոբերտ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը