26 05 2019

Մեկ տարի շարունակ հրահրվող «էմոցիաների աճուրդը» հատեց կարմիր գիծը․ Զոհրաբյան

Մեկ տարի շարունակ հրահրվող «էմոցիաների աճուրդը» հատեց կարմիր գիծը․ Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայիսի 25-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին: Պատգամավորը գրել է․

«Էմոցիաների էժանագին աճուրդի անդառնալի հետևանքը

Երեկ Ազատության հրապարակում սպառնացել են «քարերով ցխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»: Դանակահարում են PARA TV-ի օպերատորին: Միանգամայն օրինաչափ արդյունք` երկրում հետևողականորեն դեստրուկտիվ մթնոլորտ ստեղծելու, արցախցի-հայաստանցի «վեթթինգ» անելու, հասարակությանն անընդհատ լարվածության և սթրեսի մեջ պահելու, հանրության ներքին պառակտումը կատաղի կերպով խորացնելու: 

Ինձ չի հետաքրքրում, թե ի պաշտպանություն ում էր Ազատության հրապարակում հավաքված մի քանի հոգանոց ամբոխը «գլուխ ցխելու» կոչեր անում և ով կամ ովքեր են կանգնած այդ նողկալի տեսարանի հետևում: Փաստն այն է, որ մեկ տարի շարունակ հրահրվող «էմոցիաների աճուրդը» այլևս հատեց կարմիր գիծը: Նաև քաղաքականության մեջ կա, այսպես կոչված` «точка невозврата», անդառնալիության կետը, որից անդին մեծ է քաոսի վտանգը: 

Մինչդեռ, ամեն օր զգուշացնում էինք` դադարեցնել էմոցիաների աճուրդը և քաղաքացուն չդարձնել ամբոխ: 

Ու հիմա էական էլ չէ, ոստիկանության արձագանքը և քաղաքական ուժերի հայտարարությունը, որ իրենց ականջները այդ նողկալի ակցիայի հետևում չկան: 

Մենք շատ ավելի վտանգավոր եզրագծի ենք մոտեցել`հասարակությանը հետևողականորեն պառակտելով, սևերի ու սպիտակների բաժանելով ու էմոցիաների ամենօրյա էժանագին աճուրդով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ