Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ուշ երեկոյան ես տարածել էի մեր կուսակցության խորհրդի հայտարարությունը՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Գիշերը համարյա չէի քնել, և առավոտյան կանուխ զարթնել էի շատ ծանր զգացումով՝ մեր երկրի և մեզնից յուրաքանչյուրի համար խորը անհանգստությամբ։
Մեր երկիրը իսկապես դժվար ժամանակներ է ապրում։ Նախորդ տասնամյակների ողջ դժբախտությունը, ստորությունը, նվաստացումը, կեղտը՝ կուտակվել և խեղտում են մեզ։ Մի կողմից՝ նախկինները իրենց ամբարտավանությամբ, կեղծավորությամբ և երկերեսանիությամբ, մյուս կողմից՝ այսօրվա իշխանությունը՝ իր ապաշնորհությամբ և երբեմն աբսուրդի հասնող արկածախնդրությամբ, հանրային գիտակցության լիակատար քաոս են ստեղծել երկրում։ Շատերը չգիտեն, թե ինչպես կողմնորոշվեն, ինչպես ճիշտ ուղենիշներ գտնեն, և երբեմն պատրաստ են գնալ ցանկացած կեղծ խոստման հետևից։
Այս անգամ էլ այդպիսի կեղծ խոստումը արդարադատության «թռիչքաձև» հաստատումն էր։ Թերևս ոչ ոք չի վիճի, որ մեր արդարադատության համակարգը խրոնիկ հիվանդ է, որ նախորդ իշխանության տարիներին այն կոծկել է բազմաթիվ հանցագործություններ, և օգտագործվել է որպես իշխողների համար քողաշղարշ։ Ոչ ոք չի վիճի, որ այս համակարգում պետք էն խորը բարեփոխումներ, դատավորների կազմի աստիճանական թարմացում, նրանց գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում։ Ոչ ոք չի վիճի, որ մեզ պետք է արդարադատության համակարգ, որին մենք կարող ենք վստահել, որը կլինի մեր սահմանադրական անքակտելի իրավունքների հիմնական երաշխավորը, ինչպես բոլոր զարգացած երկրներում։
Բայց արդյոք դա հնարավոր է անել դատավորների նկատմամբ բիրտ ճնշման և անթաքույց բռնության միջոցով՞։ Արդյոք կարող է իշխանության մի թևը իր հետևորդներին հրահրել մեկ այլ թևի գործունեությունը խաթարելու՞, այն դեպքում, երբ իշխանության թևերի բաժանումը հենց սահմանադրական կարգի հիմքն է և հենարանը, և ցանկացած զարգացած երկրում կդիտվեր որպես պետական դավաճանություն։
Արդյոք գործող Ազգային ժողովը, որում բուն են դրել բազմաթիվ ապաշնորհ, կյանքում չկայացած կերպարներ, այս ընթացքում փորձել է գեթ ինչ որ դատական բարեփոխում նախաձեռնել, որին դատարանները խանգարել են՞։ Արդյոք երկրի վարչապետը, հուսահատ մարդկանց գազազացնելով և դատարանների վրա ուղղելով, չի հասկանանում իր գործողությունների միջազային արձագանքները, և Հայաստանի համար բոլոր հետևանքները։
Հիմա, երբ ես սա գրում եմ, արդեն հայտնի է, որ վարչապետ Փաշինյանի նախաձեռնած այս արկածախնդրությունը ձախողվել է, մեր մարդկանց մեծամասնությունը խուսափել են դրան մասնակցել, թերևս գիտակցելով դրանց ողջ կործանարար հետևանքները, և մասնակցել են ընդամենը 1000-ից փոքր ինչ ավել մարդ, հիմանակնում ՔՊ ակտիվիստներ։
Ինքը Փաշինյանը իր ելույթում հետողորմյա է արել, փորձելով ամենը ներկայացնել օրինականության սահմաններում, թեև պարզ հասկանալի է, որ եթե նա չբախվեր կոշտ ընդդիմության՝ հասարակությունից, քաղաքական ուժերից, միջազգային գործընկերներից, և նույն կառավարության ներսից, այսօր պետք է փորձեր իրականացներ իր խելահեղ պլանը, և երկիրը կանգնեցներ ցնցումների եզրին։
Փաշինյանի ելույթի բառերից անգամ 37 թվի հոտ էր գալիս՝ աստիճանաբար կորցնելով մարդկանց վստահությունը, նա շարունակում է համառորեն խոսել ամբողջ ժողովրդի անունից, իր քաղաքական հակառակորդներին դավադիր և դավաճան է կոչում, և պարբերաբար սպառնում է հաշվեհարդարով։ Փառք Աստծո, որ հիմա 37 թիվը չի, և ոչ ոք, առաջին հերթին մեր հասարակության սթափ մեծամասնությունը, թույլ չի տալու Փաշինյանին մեր երկրի ներսում, ցանկացած պատրվակով, նոր արյունահեղություն սարքել։
Հասարակությունը ընտրել է Փաշինյանին, որպեսզի նա բարեփոխի երկիրը, մարդկանց ապագայի նկատմամբ հույս և հավատ տա, բժշկի անցյալի վերքերը՝ և ոչ թե խորացնի դրանք, աջ ու ձախ ատելություն ու սարսափ սերմանելով։ Եթե Փաշինյանը չգիտի, ինչպես առանց ցնցումների առաջ տանել երկիրը, թող հետևի իր իսկ ուսուցիչ Չե Գեվարայի խորհրդին, վայր դնի իշխանությունը, և մնա որպես արմատական ընդիմություն՝ կարծես դա այն դերն է, որից նա չի կարողանում մինչև հիմա դուրս գալ, սակայն այդ դերը համատեղելի չէ ազգային և պետական խոհեմ և հեռատես առաջնորդի հետ։
Ավարտելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, մեր կողմնակիցներին և համակիրներին, որոնք գիտակցեցին այս ամբողջ արկածախնդրության վտանգավորությունը, զերծ մնացին նրան մասնակցելուց, և իրենց բարձր գիտակցությամբ, օգնեցին մեր երկիրը զերծ պահել անկանխատեսելի զարգացումներից։
Բոլոր նրանց, որոնք այնուամենայնիվ տրվեցին վարչապետ Փաշինյանի մանիպուլյացիային, և այսօր փորձեցին շրջափակել դատարանները, կոչ եմ անում սթափվել, իրատեսորեն գնահատել իրավիճակը, չփորձել թվացյալ հեշտ լուծումներով փորձանք բերել մեր երկրի, և մեզնից յուրաքանչյուրի վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը