Top-news.am-ը գրում է․ Տխուր եւ մտահոգիչ տեսարան էր, երբ գտնվում են մարդիկ, որոնք հավաքվում են դատարանի մոտ եւ սատարում մեղադրող կողմին, եւ ոչ թե մեղադրվողին, դատախազությանը եւ ոչ թե պաշտպանական կողմին:
Դժվար է ասել, թե համաշխարհային պատմության ընթացքում նման ամոթալի պատկեր եղել է, թե ոչ, բայց մեզ մոտ եղավ: Ավելին, որոշ անպատասխանատուներ իրենց հետ բերել էին դպրոցական ցածր դասարանի աշակերտների, նրանց ձեռքում դրել, այսպես կոչված, ցուցապաստառներ՝ կեղտոտ գրառումներով:
Նրանք շատ չեն, քիչ են, բայց ագրեսիվ են, վտանգավոր, նրանք արյան պահանջ ունեն, նրանք թքած ունեն իրավունքի վրա, նրանք չեն ուզում ապրել օրենքի երկրում, ժողովրդավարական երկրում: Նրանք արյուն են ուզում, նրանք «իրենց» Նիկոլից արյուն են պահանջում:
Եւ եթե այս ամբոխին չսաստեն, չդնեն իրենց տեղը, ապա զարգացումները կարող են շատ ծանր լինել մեր երկրի համար: Այն ինչ արեցին նրանք երեկ, այն ինչ հայտարարեցին, գրեցին, մտահոգություն է պատճառում: Սա առաջին հերթին պետք է մտահոգի Նիկոլ Փաշինյանին: Կարծում ենք որեւէ իշխանության նման աջակիցներ եւ համախոհներ պետք չեն:
Կարծում ենք Նիկոլ Փաշինյանը չի կարող հպարտանալ այն ընտրազանգվածով, որի ներկայացուցիչները պատրաստ են հարձակվել Երեւանում իր թոռների հետ զբոսնող քաղաքական գործչի վրա, հրապարակում դատավորի լուսանկարը եւ տան հասցեն, կոչ անելով նրան հասկացնել, թե ով է «ժողովուրդը» եւ հենց իրենից պահանջում միջամտել դատարանի գործերին:
Ոմանք զարմանում են, բայց զարմանալ պետք չէ: Երբ ոմանք քաշքեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ մնացին անպատիժ, ապա մի օր էլ ոմանք հավաքվելու էին դատարանի դիմաց՝ մանկահասակ երեխաների հետ, քաշքշելու էին «ժողովրդի թշնամիներին»:
Այսպես է լինում, երբ երկիրը բաժանում են սեւի եւ սպիտակի, մեղավորների եւ հրեշտակների, դատավորների եւ մեղադրյալների:
Ամիսներ շարունակ շատերն ահազանգում էին, բարձրաձայնում, որ ատելության, թշնամանքի մթնոլորտը, ամենաթողության մթնոլորտը մեզ լավ տեղ չի տանելու: Երբ քաշքշում էին Կաթողիկոսին, համապատասխան մարմինները լռեցին, երբ դատարանի բակի մոտ մանկահասակ երեխաներ բերեցին՝ համապատասխան մարմինները լռեցին, երբ սադրիչները վիրավորական հայտարարություններ էին վանկարկում եւ ցուցապաստառներ պարզում՝ համապատասխան մարմինները քրեական գործ էին հարուցում նրանց սաստել փորձողների դեմ:
Եւ հիմա մենք պետք է հասնեինք մի կետի, որ արյան ծարավ ունեցողները սպառնում են փողոցներ փակել, հարձակվում են մանկահասակ երեխաներով զբոսնող «ժողովրդի թշնամիների» վրա եւ սպառնում, որ այսուհետ հենց այսպես էլ լինելու է:
Իշխանություններն այլեւս չեն կարող լռել: Նրանք պարտավոր են րոպե առաջ կանգնեցնել իրենց ամենազոր եւ օրենքից վեր դասող ամբոխին, որոնք թեեւ շատ քիչ են, բայց իրենցից մեծ վտանգ են ներկայացնում: Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան գրառման տակ այդ զանգվածի գրառումները, պետք է որ արդեն իսկ լուրջ ահազանգ լինեն:
Ամբոխին պետք է սաստել, այլապես հետո կարող է շատ ուշ լինել: Պետք է սաստել նախ եւ առաջ այդ ամբոխին իրենց շահերին ծառայեցնել փորձող պատգամավորին, իշխանության ներկայացուցչին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը