Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության սրումը կարող է արմատական իսլամիստների համար շատ լավ առիթ դառնալ Ադրբեջանում հիմնավորվելու համար։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
ՀՀ վարչապետը նշել է, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո իսլամիստները դրսևորման համար նոր վայրեր են փնտրում, և Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանը շատ հարմար է այդ առումով։ Այն թույլ կտա գործել Իրանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։
Հենց այս պատճառով էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հակամարտության հարցում սրման հաջորդ փուլը տեղային բնույթ չի կրի: Փաշինյանը նշել է, որ այս պատկերը շատ լավ ընկալում են նաև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է կոնֆլիկտի կարգավորման հարցում և երաշխավոր կդառնա, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ունի անհրաժեշտ բոլոր լծակները, որոնք թույլ են տալիս նոր սրացում թույլ չտալ։ «Եվ ես չեմ կարող հավատալ, որ երբ հարկ լինի, ռուսները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը