11 05 2019

Քաղաքական հետապնդում է, գուցե նաև՝ անձնական վրեժխնդրություն. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Քաղաքական հետապնդում է, գուցե նաև՝ անձնական վրեժխնդրություն. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» իշխանական խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, հայտարարեց, թե ինքը Ռ. Քոչարյանին քաղաքական բանտարկյալ է համարում: Ըստ պատգամավորի` Հայաստանի իշխանությունները կարող էին Քոչարյանին վերագրվող քրեական գործըքննել առանց նրան կալանքի տակ վերցնելու:

-Պարո՛ն Բաղրյան,Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նախօրեին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` մայիսի 9-ին ընդառաջ ՌոբերտՔոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազությունն էլ պատասխանել է, որ գործն արդեն գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար այդ դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից: Դուք ճի՞շտ եք համարում Սահակյանի և Ղուկասյանի միջամտությունն այս գործին:

-Ես կարծում եմ` ճիշտ են վարվել, երբ Արցախի երկու նախագահները դիմել են, քանի որ երկու նախագահներն էլ չէին կարող անտարբեր մնալ Արցախի առաջին նախագահի հետ կատարվող իրադարձություններին: Նամանավանդ հիմա, երբ գիտենք, թե ինչ վիճակ է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործերի մասով, այլ ընդհանրապես արցախյան հակամարտության հետ կապված: Նախագահները չեն խնդրել, որ բաց թողնեն Քոչարյանին, ուղղակի խոսքը խափանման միջոցը փոխելու մասին է, առավել ևս, որ մայիսի 9-նն է,ու շատ նորմալ ու ճիշտ եմ համարում նրանց հորդորը, ցանկությունը, որպեսզի Արցախի բոլոր երեք նախագահները լինեն ժողովրդի հետ: Իրենք միասին ժողովրդի հետ պետք է լինեն Ստեփանակերտում և Շուշիում, նշեն եռատոնը, մասնավորապես` Շուշիի ազատագրման օրը, որին ամենաակտիվ մասնակցություն է ունեցել հենց նույն Ռոբերտ Քոչարյանը եւս: Այնպես որ, շատ բնական եմ համարում ու շատ տեղին:

-Տեղի՞ն եք համարում Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելը: Արցախը փորձում է իր դիրքորոշմամբ ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Որքանո՞վ եք ճիշտ համարում նման հարցերին խառնվելը:

-Ես չեմ կարծում, որ Հայաստանի ներքին գործերին խառնվելու որևէ միտում կա: Ի դեպ, ասեմ, որ առաջին կալանքի ժամանակ Արցախի մի խումբ պատգամավորներ այն ժամանակ էլ դիմել էին գլխավոր դատախազին, որպեսզի խափանման միջոցը փոխվի: Այսինքն` այն ժամանակ է՛լ, հիմա է՛լ երկու նախագահներն էլ այն կարծիքին են, որ Ռոբերտ Քոչարյանը,լինելով ազատության մեջ, որեւէ կերպ չի կարող խոչընդոտել քննությանը: Իսկ եթե կպարզվի, որ իրոք ինչ-ինչ հարցերում Քոչարյանը մեղավոր է եղել, պատասխանատվության կենթարկվի, բայց ես կարծում եմ ու օր օրի դրանում ավելի եմ համոզվում, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է, գուցե նաեւ ինչ-որ տեղ անձնական վրեժխնդրություն:

-Այսինքն`Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյա՞լ եք համարում:

-Այո, այո, իմ տպավորությունն այդպիսինն է, որովհետեւ որքան ես տեղյակ եմ, որքանով ես գիտեմ, որքանով որհետեւում եմ այդ գործին, մարդուն, նախ, զրկել են ազատությունից, ու հետո` բաներ են փնտրում, որպեսզի կարողանան նրան մեղավոր ճանաչել, այնինչ սովորաբար պետք է լիներ հակառակը: Ես, իհարկե, իրավաբան չեմ, բայց կարծում եմ, որ ճիշտը դա է. նախ պետք է ապացուցեն մարդու մեղքը, որը նա գործել է, այնուհետեւ զրկեն ազատությունից:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննիր մեկամյա գործունեությունը ամփոփելու ժամանակ հայտարարել է, որ եթե ԼՂՀ-ում «միջնորդում» են Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը փոխելու համար, ապա ինչունույն հարցով չեն դիմում Մանվել Գրիգորյանի համար, քանի որ երկուսն էլ ազգային հերոսներ են, երկուսն էլ այժմ գտնվում են կալանքի տակ: Ինչո՞ւնույն հարցով չեք դիմում ՀՀ իրավապահներին:

-Նրա գործն ուրիշ է, ես չեմ կարող հիմա թե՛ մեկի, թե՛մյուսի պահով, այսպես ասած, վերջնական խոսք ասել: Խնդիրը նա չի, թե հերոս է կամ հերոս չի, հերոսն էլ պետք է պատասխան տա, եթե մեղք է գործում: Ես չգիտեմ, թե որքանով է ապացուցված Մանվել Գրիգորյանի մեղքը. եթե կա նման բան, ապա թող օրենքի առաջ պատասխանատվություն կրի: Իսկ դա վերաբերում է բոլորին, օրենքի առաջ հավասար են բոլորը: Իմ կարծիքով` այս ամենը տեղին չի, ես կարծում եմ, որ համեմատությունը տեղին չի նաև այն առումով, որ այն փաստերը, որոնք բերվում են Մանվել Գրիգորյանի դեպքում,ուրիշ են, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում ես փաստեր չեմ տեսնում: Ես չեմ ուզում համեմատել երկու գործերը. այլ բան չեմ կարող ասել, քանի որ փաստերին, տեղեկատվությանը չեմ տիրապետում: Բայց սա իմ դիրքորոշումն է, որ պետք չէ երկու դեպքերը միմյանց հետ կապել ու համեմատել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ