10 05 2019

Հրադադարի համաձայնագիրը կարգավորման միակ շոշափելի ձեռքբերումն է. ԼՂ ԱԳՆ

Հրադադարի համաձայնագիրը կարգավորման միակ շոշափելի ձեռքբերումն է. ԼՂ ԱԳՆ

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 ամյակին նվիրված խորհրդաժողով։

Խորհրդաժողովին մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Հայաստանի Հանրապետությունից՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Արցախի ԱԺ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև փորձագետներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։

Խորհրդաժողովին որպես պատվավոր հյուր մասնակցում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։

Իր խոսքում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Համաձայնագրի 25-ամյակը լավ առիթ է՝ գնահատական տալու այդ իրադարձությանը, ինչպես նաև ամփոփելու որոշ արդյունքներ և ուրվագծելու անելիքները, որոնք անհրաժեշտ են հրադադարի ռեժիմի ամրապնդման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։

Անդրադառնալով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի կարևորությանը՝ Մասիս Մայիլյանը, մասնավորապես, ընդգծել է, որ 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ անժամկետ Համաձայնագիրը, փաստորեն, հակամարտության կարգավորման ողջ գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որի շնորհիվ վերջ դրվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և հակամարտությունը տեղափոխվեց քաղաքական-դիվանագիտական դաշտ։ Այդպիսով՝ պայմաններ ստեղծվեցին, որպեսզի միջազգային միջնորդների աջակցությամբ կողմերը կարողանան իրենց ջանքերը կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա:

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ արցախյան կողմը մշտապես հավատարիմ է եղել 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագրով ստանձնած հանձնառություներին, ինչպես նաև բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման վերաբերյալ տարբեր նախաձեռնություններով: Որպես օրինակ՝ ԱԳՆ ղեկավարը հիշատակել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ միջազգային միջնորդներին տրամադրելու սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգի տվյալները, և հավելել, որ նշված համակարգը կարող է դառնալ զինադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մասը:

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է նաև 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած երկու գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։

Իր խոսքում ԱԳՆ ղեկավարը նաև առանձնացրել է հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը, որը բոլոր երեք կողմերը Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջնորդությամբ ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: Հետևաբար, հրադադարի մասին համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016 թ. ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից:

Մասիս Մայիլյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնման և հրադադարի ռեժիմի ամրապնդման ու խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման միջոցով դիվանագիտական և ռազմաքաղաքական պայմանների համադրումն ու փոխլրացնելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում տևական կայունության ապահովման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ