««Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» Ֆորումի գոյությունը և այն խնդիրների ձևակերպումը, որոնք կան Ֆորումի հիմքում, ծայրահեղ կարևոր են: Այսինքն այն պայմաններում, երբ Հայաստանում իրավիճակի փոփոխությունից հետո չկա հստակ պատկերացում այն մասին, թե ինչպես է պետք կարգավորել Արցախյան հիմնախնդիրը, երբ չկա այս մասով կատարվող քայլեր, երբ ազգային հարցերի վերաբերյալ բավականին քամահրական վերաբերմունք գոյություն ունի, նման ֆորումի գոյությունը շատ կարևոր է»,- Արցախում անցկացվող ֆորումի շրջանակներում Yerevan.today-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ ներքին համոզմունք ունի, որ ֆորումի աշխատանքները առաջին հերթին պետք են Հայաստանի ներքին քաղաքականության համար. «Դրանք պետք են մեզ, մեր հասարակությանը, որը շատ արժեքներ է կորցրել այս տարիներին անցած ճանապարհին, և մենք պետք է դա վերականգնենք»,- ասաց Սողոմոնյանը:
Մեր հարցին՝ ի՞նչ են արել իշխանությունները այս մեկ տարվա ընթացքում Արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ, Սողոմոնյանը պատասխանեց. «Մենք ունենք էկլեկտիկ մոտեցում խնդրին, որը հստակ ցույց է տալիս, որ իշխանությունները կոնկրետ վարչապետը պարտավորություն է ստանձնել Հայաստանը ներկայացնել կարգավորման գործընթացում, հայկական կողմում, պարզ է դառնում, որ չի կարողանում ոչ մի կերպ կողմնորոշվել, թե ինչ ճանապարհով է պետք շարժվել և հնարավոր չէ այս պահին հասկանալ, թե ինչ քաղաքականություն են վարում դրա կարգավորման շուրջ: Ամենասկզբից հայտարարվեց, թե նա չի ներկայացնելու Արցախը, հետո ասաց բանակցություններ չի վարելու, հետո պարզվեց մի քանի ռաունդ բանակցություն է վարում, բայց Արցախն այնուամենայնիվ դրանցում չի մասնակցում, Ստեփանակերտը պաշտոնապես ներկայացված չէ: Այս խառնաշփոթը բերելու է նրան, որ մենք լուրջ դիրքեր ենք կորցնելու բանակցային սեղանի շուրջ և վախենամ, որ այդ կորուստները կարող են կամ անդառնալի լինել կամ էլ հետո մեծ ջանքեր պահանջեն, որ այդ կորուստները վերականգնենք, այնպես որ չկա որևէ դրական արդյունք: Ես ցավով եմ արձանագրում, որովհետև իշխանությունները գալիս են ու գնում են, բայց մեր պետությունները հավերժ են և դրանց խնդիրները պետք է կարգավորվեն հավուր պատշաճի: Ցավում եմ, որ այդպես է, բայց ոչ մի դրական արդյունք չեմ կարող արձանագրել այս մեկ տարվա ընթացքում»,- նշեց Սողոմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը