03 05 2019

Իսրայելը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է ճանաչել Ցեղասպանությունը. Մնացականյան



ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական KAN NEWS հեռուստաալիքին։

Մնացականյանը հարցազրույցում անդրադարձել է Իսրայելի կողմից  Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և իսրայելական զենքի վաճառքի հարցերին։

Պատասխանելով հարցին՝ չի՞ զարմացնում արդյոք նրան այն, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ԱԳՆ-ն նշել է, որ հարցը զարմանքին չի վերաբերում:

«Հարցը զարմանալուն չի վերաբերում: Գիտեք, ես ներկայացնում եմ մի երկիր, որը դեռ պայքարում է մերժված արդարության դեմ:

Իմ ժողովուրդն անցել է դրա միջով, բայց միևնույն ժամանակ հաղթել է, քանի որ մեզ մտադիր էին բնաջնջել Երկրի երեսից, իսկ մենք այսօր վստահ երկիր ենք և հզոր, ծաղկուն և ինքնավստահ համայնքներ ունենք աշխարհով մեկ»:

ԱԳՆ-ն վստահ է, որ արդարադատության ժխտման հարցն ավելին է, քան հայերի մասին հարցը: «Դա ամբողջ մարդկության խնդիրն է: Այժմ Իսրայելը պետք է որոշի ճանաչել, թե չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խոսքն այժմ վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ Իսրայելին»,-ասել է ԱԳ նախարարը:

Մանրամասնելով, թե ինչ առումով է Իսրայելին վերաբերում, Մնացականյանը պատասխանել է, որ «դա ցեղասպանության կանխարգելման, մարդու իրավունքների բնագավառում ներդրում ունենալու հարց է։ «Հատկապես մեր կոլեկտիվ մարդկային գիտակցության մեջ մենք չենք իմաստավորում վճռականությունը թույլ չտալու մեկ այլ ցեղասպանություն: «Այլեւս երբեք» կարգախոսը չի նյութականացվել»,-հավելել է նա:

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հայաստանը նպաստում է ցեղասպանությունների կանխարգելմանը: «Ես գտնում եմ, որ մեր կոլեկտիվ պարտքն է շարունակել բոլոր հնարավոր ձեւերով նվազեցնել այն իրադարձությունների կրկնության վտանգը, որոնց հետ մեր երկրները բախվել են պատմության ընթացքում»,-ասել է նա:

Մնացականյանը խոսել է նաև իսրայելական զենքի առևտրի մասին։: «Իսրայելական զենքը մահաբեր է մեր ժողովրդի համար: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են ձեր զենքն օգտագործում մեր դեմ»,- պարզաբանել է Մնացականյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ