ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
«Վաղը Պեկինում մեծ հանդիսավորությամբ մեկնարկում է գլոբալ նշանակության միջազգային ֆորում, նվիրված «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» մեգանախագծին:
Հիշեցնեմ, որ այդ նախագիծը Չինաստանի նախաձեռնությունն է, որով ենթադրվող ներդրումների ծավալը գերազանցում է 1 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ հիմնական նպատակն է ստեղծել Եվրոպան Ասիային կապող ժամանակակից երեք լոգիստիկ, տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքներ:
Ակնհայտ է, որ նման գլոբալ նախաձեռնությունը խիստ հետաքրքիր է տարբեր երկրների համար, իսկ ծրագրի շրջանակներում կատարվող ներդրումները արդեն տեսանելի են և առաջացրել են անհանգստություններ թե Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Միաժամանակ ԵՄ անդամ 11 երկրներ «16+Չինաստան» ձևաչափի անդամ են, իսկ վերջերս Իտալիան պաշտոնապես միացավ չինական նախաձեռնությանը:
Այս տարվա ֆորումին մասնակցելու նպատակով Պեկինում են գտնվում ՌԴ նախագահ Վ. Պուտինը, ինչպես նաև մի քանի տասնյակ այլ երկրների ղեկավարներ:
Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը պիտի այս տարի մասնակցեր այս իրադարձությանը: Բնապահպանության նախարարի մակարդակով մասնակցությունը չի արտահայտում ծրագրի ամբողջական կարևորությունը եւ Հայաստանի հնարավոր ակնկալիքները։
Անցյալ անգամ 2017 թվականին թե Հայաստանը, թե Ադրբեջանը մասնակցել են էկոնոմիակյի նախարարների մակարդակով: Իսկ այս տարի Ադրբեջանի կողմից մասնակցում է նախագահ Ի.Ալիևը, Վրաստանն էլ ներկայացված է փոխվարչապետի մակարդակով։
Այս նախագծի մի մասը անցնում է նաև Հարավային Կովկասով:
Չինական գործոնը գնալով աճում է ամենուրեք, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, և մեր ավանդական բարեկամական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու լավ հնարավորություն է կորում: Չինական ներդրումներ ապահովելու համար բարձր մակարդակով մասնակցությունը խիստ անհրաժեշտ կլիներ: Չինական աջակցությամբ հնարավոր է առաջ մղել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-Վրաստան երկկողմ փոխկապակցվածությունը:
Չինական հնարավոր ներդրումների ծավալը Հայաստանում այս ծրագրի շրջանակներում լավ աշխատանքի դեպքում կարող է համադրելի լինել ԱՄՆ+ԵՄ ֆինանսական աջակցության ծավալների հետ։
Հայաստանը պետք է գտնի իր տեղը այս կարեւոր նախագծում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը