25 04 2019

Եվրադատարանը հերքեց Լևոն Տեր-Պետրոսյանի 11-ամյա պնդումները

Եվրադատարանը հերքեց Լևոն Տեր-Պետրոսյանի 11-ամյա պնդումները

Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը:

Դիմումատուի պնդմամբ՝ Ազատության հրապարակից իրեն տանելն ու տնից դուրս չթողնելն Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ Դատարանը, գանգատը համարել է անհիմն։

Ստացվում է, 11 տարվա պնդումներին ի հակառակ, Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի մեջ չի եղել, նրա ազատ տեղաշարժը չի խոչնդոտվել։

Առաջին նախագահը բազմիցս՝ թե՛ ասուլիսներում, թե՛ բեմահարթակից, թե՛ Մարտի 1-ի վերաբերյալ ցուցմունքներում հայտարարում է, թե իրեն, իր կամքին հակառակ, տարել են տուն և օրերով պահել տնային կալանքի կարգավիճակում։

Հատված Տեր-Պետրոսյանի ցուցմունքից․ «․․․ Ինձ արագորեն տարան Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող իմ տուն: Նրանք ինձ հասցրին տան դարպասների մոտ, որտեղից ներս չմտան: Ես մտա տուն, որից հետո պարզեցի, որ իմ տան երկու դարպասների մոտ պահակակետեր են ստեղծված` շուրջ 30 հոգանոց զինված անձնակազմով՝ Գրիշա Սարգիսովի գլխավորությամբ, որն իմ տան մոտ մնացել է մինչև երեկոյան ժամը 16-17-սահմաններում: Այդ ընթացքում իմ թիկնազորի պետ Սմբատ Գասպարյանին ուղարկեցի, որպեսզի Սարգիսովից ճշտի, թե ինչ կարգավիճակով եմ պահվում իմ տանը, արդյոք իմ նկատմամբ տնային կալանք կա, թե ոչ: Նա պատասխանել էր, որ նման սանկցիա, հրաման չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, և ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու: 2008 թվականի մարտի 1-ին ինձ տանը կարողացել են այցելել Լևոն Զուրաբյանը, Գալուստ Գամազյանը և Դավիթ Շահնազարյանը տեղեկանալու համար իմ որպիսությանը, դրանից հետո ես տնից դուրս եմ եկել միայն մեկ անգամ՝ 2008 թվականի մարտի 5-ին, երբ 4 զինված ավտոմատավորների ուղեկցությամբ ներկայացել եմ Սահմնադրական դատարան հայտարարությամբ հանդես գալու համար՝ կապված ընտրությունների արդյունքների բողոքարկման իմ դիմումի հետ։ Դրանից հետո այլևս հնարավորություն չեմ ունեցել տնից դուրս գալու»։

Տարիներ շարունակ Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները հայտարարել են, թե նա տնային կալանքի տակ էր, ուստի չի գնացել իր կողմնակիցներիին կառավարելու, որպեսզի տեղի չունենար արյունահեղություն։ Բեմից նրա անունից խոսում էր Նիկոլ Փաշինյանն ու հայտարարում, թե շեֆն ասել ա՝ հավաքվեք, մնացեք այստեղ ու դիրքերը չզիջեք։

Այնինչ պարզվում է՝ նա բնավ էլ տնային կալանքի մեջ չի եղել, ազատությունն էլ սահմանափակված չի եղել, իսկ հակառակի մասին ապացույց առաջին նախագահի փաստաբան Վահե Գրիգորյանը չի կարողացել ներկայացնել։ Ավելին, նա ցուցմունքում նշում է, «․․․ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, և ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու», և շարունակում․ «․․․2008 թվականի մարտի 1-ին ինձ տանը կարողացել են այցելել Լևոն Զուրաբյանը, Գալուստ Գամազյանը և Դավիթ Շահնազարյանը՝ տեղեկանալու համար իմ որպիսությանը»։ Ստացվում է, որ ոչ միայն կարող էր դուրս գալ, նաև իր մոտ էին գնում գալիս իր կողմնակիցները, թե այդ օրը, թե հաջորդ օրերին։

Եվրադատարանի հաջորդ ձևակերպումը ևս ուշագրավ է՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում հավաքի խաղաղ լինել-չլինելու մասով։ Չնայած որ ՄԻԵԴ-ը մերժել է 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չլինելու մասով կառավարության պնդումները, սակայն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որևէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Այսինքն, բնավ չի նշանակում, թե հավաքը խաղաղ է եղել, այլ նշանակում է, որ գուցե խաղաղ չի եղել, բայց որևէ ապացույց այդ ժամանակվա կառավարությունը չի ներկայացրել։

Կառավարությունն ունե՞ր ապացույց, որ հավաքը խաղաղ չի եղել, մարդիկ էլ զինված են եղել։ Այո։ Առնվազն Հանրային հեռուստատեսությամբ այդ օրը հրապարակվել են փայտերով ու մահակներով զինված ցուցարարների կադրեր, որոնք այժմ հասանելի են համացանցում։ Սակայն չի ներկայացրել։ Թե ինչու՝ այլ հարց է։ 

(Տեսանյութում ոստիկանական գործողությունների սկիզբն է Ազատության հրապարակում 2008թ․ մարտի 1-ի վաղ առավոտյան)։ 

Ցույցի բնույթի մասին քննիչը հարց է ուղղում Լևոն Տեր-Պետրոսյանին․ «Երևանի Ազատության հրապարակում եղած ցուցարաների մոտ Դուք զենք, մետաղյա ձողեր կամ բռնություն կիրառելու համար նախատեսված այլ առարկաներ տեսե՞լ եք, թե՞ ոչ»։ Առաջին առաջին նախագահը պատասխանում է. «Բացառված է, նման իրեր չեն եղել»:  Իսկ կադրերն այլ բան են վկայում։ Վկայում են նաև, որ գործ ունենք կեղծ ցուցմունքի հետ։

Ամեն դեպքում, Եվրադատարանն ուշագրավ եզրահանգումներ է տվել։ Սա ՀՀ հատուկ քննչական ծառայության համար ևս կարևոր ազդակ է։ Այդ կառույցը հալած յուղի տեղ է ընդունում Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցմունքները, «անդրանիկքոչարյանական» փաստահավաք խմբի դիտարկումները, որոնք հիմնված են մեծամասամբ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքի վրա՝ դարձնելով քրեական գործի հիմք։ Եվրադատարանի որոշումը ազդակ է ՀՔԾ-ին, որ մարտի 1-ի շուրջ այժմ դրված մեղադրանքները շարունակ փուլ են գալիս։

Սակայն այս պահին արդեն առաջ է գալիս նաև Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության հարցը՝ թե քաղաքական, թե իրավական, թե բարոյական։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ