12 09 2024

Վարչական հսկողության սարքերը գրեթե սպառվել են․ նախատեսվում է շուրջ 233 մլն դրամ հատկացնել նոր խմբաքանակի համար

Վարչական հսկողության սարքերը գրեթե սպառվել են․ նախատեսվում է շուրջ 233 մլն դրամ հատկացնել նոր խմբաքանակի համար

Կառավարությունը ձեռք կբերի կալանքի հսկողության ևս 355 սարքավորում՝ 255-ը ներտնային, 100-ը՝ վարչական վերահսկողության համար։ Դատական ակտերի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցը, օրինակ՝ տնային կալանքը, վերահսկվում է հատուկ էլեկտրոնային սարքավորումներով։

2023 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության և «Enigma information protection sistems» ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսվել է ձեռք բերել 1000 հատ էլեկտրոնային հսկողության սարք՝ 650 ներտնային վերահսկման սարք՝ նախատեսված տնային կալանք խափանման միջոցի և 350 էլեկտրոնային հսկողության շղթա՝ վարչական հսկողություն խափանման միջոցի համար։ Պայմանագրով նախատեսված էլեկտրոնային հսկողության սարքերի քանակի և համամասնության հաշվարկն իրականացվել է՝ հաշվի առնելով 2023 թվականի հունվարի մեկից մինչ պայմանագրի համար հայտ ներկայացնելու օրը այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դատական ակտերի աճի դինամիկան և վիճակագրությունը։

Ըստ կառավարության՝ Մինչ օրս ձեռքբերված վարչական հսկողության սարքերը գրեթե սպառվել են, քանի որ գործնականում շատ են դեպքերը, երբ տնային կալանքը փոխարինվում է վարչական վերահսկողություն խափանման միջոցով, ինչի պարագայում դատական ակտով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կատարումն այլևս անհնարին կդառնա։

Ըստ այդմ, նախատեսվում է շուրջ 233 մլն դրամ հատկացնել նոր խմբաքանակի համար։ Գումարը կհատկացվի ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի «31001․Միասնական թվային միջավայրի ձևավորում» միջոցառման գումարների վերաբաշխման միջոցով։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ