«Ամենակարևոր պատգամն այսօր ինձ համար այն է, որ արդարությունը վերականգնելու համար հայ ժողովրդի վճռականությունը երբեք չի մարի»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Անդրադառնալով հարցին, արդյոք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգ է առել, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց․ «Ինչպե՞ս թե կանգ է առել: Իտալիայից նորություններ չե՞ք լսում: Երկրորդը՝ ինչպե՞ս կարող է կանգնել: Երրորդը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը քայլ է նաև կանխարգելելու այլ ցեղասպանությունները, որովհետև դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու»: Հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացումը, հնարավո՞ր է նոր գործընթաց սկսվի Թուրքիայի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ դա քիչ հավանական է: «Ցավոք, դուք տեսնում եք, որ այն ամենը, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից, հուսադրող չէ, ընդհակառակը՝ քննադատության արժանի է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ երբեք չի ասվել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: ԱԳ նախարարը նշեց, որ ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է ՀՀ արտաքին քաղաքական գերակա ուղղություններից մեկը. «Առնվազն 21 տարի մենք Ցեղասպանության կանխարգելման օրակարգը հետևողականորեն միջազգային օրակարգում տանում ենք առաջ: Դա չի կապվում մեկ ցեղասպանության հետ, դա կապվում է մեկ բանի հետ, որ ցեղասպանությունը կանխարգելելը միջազգային պարտավորվածություն է: Մենք գիտենք գինը ցեղասպանության, մենք գիտենք, թե որքան ծանր բան է այն: Արդեն մեր ժողովրդի 4-5 սերունդ տանում է այդ ցավն իր մեջ, իրենց մեջ տանում է այդ դժբախտությունը, և դա ի հայտ է բերում մեկ պատգամ, որ անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,- ասաց նա:
Զոհրաբ Մնացականյանը խոսելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումներից, նշեց, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվել նրա հետ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը. «Մյուս կողմն իր մոտեցումներն ունի: 20 տարի մեկ ձևաչափ է եղել: Հայաստանի վարչապետը ներկայացնում է Հայաստանը: ԼՂ իշխանություններն ընտրվել են ԼՂ բնակչության կողմից: Մենք չենք կարող առանց ԼՂ-ի ստանձնել բոլոր պարտավորությունները: Սա բանակցությունների արդյունավետության հարց է»,- հիշեցրեց նախարարը՝ միաժամանակ չհամաձայնելով այն մտքին, որ բանակցությունները փակուղում են: Անդրադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին՝ նախարարը նշեց, որ դրանց ավելացել են Դուշանբեինը: Մեզ համար ռիսկերի նվազեցումն ամենակարևորն է, պայմանավորվածությունները կարելի է ցանկացած ձևով անվանել, եզրափակեց Մնացականյանը:
ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը ընդհանրապես միջազգային հանրության և մասնավորապես ՄԱԿ-ի աջակցության կարևորության մասին խոսելով՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Երևանն աշխատում է հանուն խաղաղության: «Պետք չէ կասկածել մեր վճռականությանը: Մենք ասում ենք, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքն աղետն է: Ինչ վերաբերում է խաղաղությանը ժողովուրդների նախապատրաստմանը, ապա այս հարցում հստակ ձևակերպումներ չկան: Սա սկզբունք է, որը պետք է զարգացնել»,- հայտարարեց Մնացականյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը