23 04 2019

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ծանոթ-բարեկամին պաշտոն տալու մեջ վատ բան չկա

Ըստ ՊԵԿ նախագահի՝ ծանոթ-բարեկամին պաշտոն տալու մեջ վատ բան չկա

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն լուրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է Նորագավիթի մաքսակետի տնօրեն, ասաց, որ իրենք պարզել են, որ դա ապատեղեկատվություն է, և այդ մարդիկ արյունակցականկապ չունեն։

«Եթե Գեղամ Սարբազյանի մասին է խոսքը, ինքը երկար տարիներ աշխատում է մեր համակարգում, աշխատանքը սկսել է տեսուչից, հասել է մինչեւ հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնի եւ իմ պաշտոնավարման ժամանակ հարկայաինից տեղափոխվել է մաքսային ծառայություն։ Մաքսային ծառայությունում եղել է արեւմտյան մաքսային վարչությունում ուղեւորային սպասարկումների բաժնի պետ, հետո նույն վարչությունում եղել է վարչության պետի տեղակալ, հետո այլ վարչություն է տեղափոխվել որպես պետի տեղակալ։ Սա իր անցած ճանապարհն է»,–նշեց նա՝ հավելելով, որ եթե նույնիսկ պարզվեր, որ նորանշանակ պաշտոնյան Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ  վատ բան չկա, փոքր երկիր է Հայաստանը։ «Եթե նույնիսկ պարզվեր, որ վարորդի մորաքրոջ տղան է, դրա մեջ էլ վատ բան չկա, որովհետեւ մենք այնքան փոքր ու այնքան հարազատ ենք։  Օրինակ, եթե լրագրողին աշխատանք առաջարկեմ, հնարավոր է գրեն, որ մենք շատ հին, արյունակցական կապեր ունենք»։ 

«Առինջ մոլում» ստուգումներին անդրադառնալով՝ Դավիթ Անանյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում հարկ վճարողի վարքագծին քրեական գնահատական կտրվի: «Այսօր քննչական գործողություններ են կատարվում: «Առինջ մոլը» հարկային պարտավորությունները կատարել է, բայց մեր քննիչների կարծիքով այդ հարկային պարտավորություններն իրականից մի փոքր տարբերվում են»,- նշեց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նաև նշեց՝ սառույցը տեղից շարժվել է և շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչներ իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են

«Ես գիտեմ, որ սառույցը տեղից շարժվել է եւ շոուբիզնեսի շատ հայտնի 5 ներկայացուցիչներ իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը ներկայացրել են։ Այս պահին չեմ բացահայտի, քանի որ այդ հինգից մի քանիսը ներկայացման փուլում են, հենց ներկայացնեն, մոտակա օրերին կամ մինչեւ շաբաթվա վերջ մենք մամուլի հաղորդագրություն կտարածենք, թե շոուբիզնեսի որ ներկայացուցիչներ էին, որ օգնել են մեզ հաղթահարենք սառույցը տեղից շարժելու գործընթացը»,–հայտնեց նա։

Այն հարցին, թե խուզարկություններ լինելո՞ւ են, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ դրան էլ ժամանակ կհասնի. «Կարող են այդպիսի բաներ կիրառվել, սակայն այն դեպքում, երբ ամիսներ կամ կես տարվա, 9 ամսվա աշխատանքային արդյունքները բերեն նրան, որ քննիչը որոշի, որ նման միջոցներ կիրառելու նպատակահարմարություն կա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ