20 04 2019

Հայ-ռուսական հարաբերությունները վերանայման կարիք ունեն․ Միքայել Մինասյան

Հայ-ռուսական հարաբերությունները վերանայման կարիք ունեն․ Միքայել Մինասյան

«Независимая газета» թերթի կայքում հրապարակվել է Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն» վերնագրով հոդվածը։

Նախկին դեսպանը գրում է, որ ժամանակները փոխվել են, և հայ-ռուսական հարաբերությունները գործակցության «նոր ճարտարապետության»՝ ռազմավարական վերանայման կարիք ունեն։

«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է միավորի երկու եղբայրական ժողովուրդների բոլոր ռեսուրսները «երկու պետություն՝ մեկ նպատակ» բանաձևով», - նշում է Միքայել Մինասյանը:

Ըստ նախկին դեսպանի՝ դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը ենթադրում է երկու պետությունների արտաքին քաղաքականության առավել արդյունավետ համադրում, ռազմաքաղաքական գործակցության հարցում նոր գործիքակազմերի կիրառում, որոնք կկարողանան պատասխաններ տալ գոյություն ունեցող բոլոր հարցերին։ 

«Ռուսաստանի հետ ունենալով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ՝ Հայաստանն այն հավասարակշռում է ուժային այլ կենտրոնների հետ հարաբերություններով, իսկ Ռուսաստանն իր հերթին Հայաստանի հետ իր ունեցած հարաբերությունները հավասարակշռում է Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ։ Արդյունքում ստացվում է մի անտրամաբանական պատկեր, երբ ո՛չ Հայաստանը ու ո՛չ էլ Ռուսաստանը այդ ամենից չեն շահում»,- գրում է Միքայել Մինասյանը՝ հավելելով, որ գործակցության նոր բանաձևը պետք է ինքնավստահության լրացուցիչ աղբյուր ծառայի հարևան երկրների ու ժողովուրդների հետ հարաբերությունների կառուցելիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ