ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույցը է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին: Այն ներկայացնում ենք ստորև.
-Ո՞րն է Փարիզ՝ Ձեր այցի հիմնական նպատակը։
- Ֆրանսիայի հետ մենք ունենք առանձնահատուկ, ինչպես ասում են՝ եղբայրական հարաբերություններ։ Մեր հարաբերությունների օրակարգը ընդգրկում է քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթության ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իմ երրորդ հանդիպումն է Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Իհարկե, Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը ներկա էր 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Բացի այդ, Ֆրանսիան Եվրոպական Միության կարևորագույն անդամներից է, որի հետ Հայաստանը 2017թ․ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը։ Այս այցը հավելյալ ներդրում է մեր երկկողմ հարաբերությունների ամուր ճարտարապետության մեջ։
-Կարո՞ղ եք փաստել, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում առկա է որևէ առաջընթաց։
- Երկուշաբթի Մոսկվայում ես հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջը։ Հանդիպմանը ներկա էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ)։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 29-ի գագաթաժողովից հետո։ Մեր տեսակետից, խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է։ Այդ բնակչությունը մշտական սպառնալիքի տակ է՝ հաշվի առնելով ատելության այն մթնոլորտի առկայությունը, որը սերմանվել է հայերի հանդեպ ։
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական, իսկ դրան հասնելու միակ ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է։ Բայց միևնույն ժամանակ, պետք է այստեղ լինեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և մարդկանց միջև շփումներ։ Մենք չենք կարող մի կողմից բանակցություններ վարել, իսկ մյուս կողմից ունենալ ատելության դրսևորումներ։ Մարդկանց անվտանգությունը, Արցախի կարգավիճակն առաջնային հարցեր են։ Այնտեղ բնակվող 150 հազար մարդիկ պետք է մասնակցեն այս գործընթացին։ Նրանք հայկական ինքնության երաշխավորներն են, մի ինքնության, որը դեռ բախվում է ցեղասպանության ժխտողականությանը։
- Ավելի կոնկրետ, այդ հիշողության խնդրի հարցում առաջընթաց գրեթե չկա․․
- Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ․ և նախագահ Մակրոնը վերջերս հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում նշվելու է որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։ Այս որոշումը խորապես հուզել է հայ ժողովրդին։ Մեզ ցանկանում էին հիմնովին բնաջնջել երկրի երեսից։ Մենք վերապրել ենք, ամրացել ու զարգացել . սա հաղթանակ է։ Սակայն, դժբախտաբար, մենք դեռ կրում ենք Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության հետևանքները։ Այս ժխտողականությունը առնչվում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը։ Թուրքիայի նախագահը ուղղակի «պատուհանից դուրս նետեց» Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք ստորագրվել են 2009թ․։ Մենք հավատարիմ էինք այդ արձանագրություններին` պատրաստ լինելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։
-Որո՞նք են ձեր առաջնահերթությունները 2018թ․ գարնանը տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց։
- Դրանցից են Եվրոպայի հետ համագործակցությունը, օրենքի գերակայությունը, արդարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, բոլոր այն բարեփոխումները, ինչի համար ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ես կնշեի նաև հարկային բարեփոխումները և տնտեսությունը։ Հայաստանն օժտված է շատ մեծ ներուժով։ Մեր թավշյա հեղափոխության դրդապատճառները ներքին էին, ոչ աշխարհաքաղաքական․ մենք հայամետ ենք, ոչ թե եվրոպամետ, ամերիկամետ կամ ռուսաստանամետ, անգամ եթե մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը