AntiFake.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նրան հաճախ մեղադրում են այն բանում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ իշխանությունների ծրագրերի և գործողությունների հաջողությունները։
AntiFake.am-ը բացահայտեց, որ Նիկոլ Փաշինյանը նաև իրեն է վերագրել Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի գործարկման` Կարեն Կարապետյանի կառավարության հաջողությունը՝ նույնությամբ կրկնելով էլեկտրագնացքի գործարկման հետ կապված գործողությունները։
Եվ այսպես, դեռևս 2018 թվականի փետրվարի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ 2018 թվականի մարտի 4-ից Երևան-Գյումրի-Երևան երթուղու ուղևորներին սկսելու է սպասարկել նոր էլեկտրագնացքը։
2018 թվականի մարտի 3-ին այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով Երևանի երկաթուղային կայարանից ուղևորվել էր Գյումրի՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում իր աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով: Այս կապակցությամբ կառավարությունը մամլո հաղորդագրություն էր տարածել՝ «Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով»։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր ЭП2Д էլեկտրագնացքով:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել այն Հայաստանում շահագործելու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի որոշումը:
Էլեկտրագնացքը ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: …
ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին»:
Արդեն 2019 թվականի ապրիլի 5-ին՝ Կարեն Կարապետյանի էլեկտրագնացքով Գյումրի մեկնելուց մոտ մեկ տարի անց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսաուղերձով տեղեկացրեց՝ «Արագընթաց գնացքով գնում ենք Գյումրի»։ Նիկոլ Փաշինյանը հայտատարեց. «Գտնվում եմ Երևան-Գյումրի արագընթաց գնացքում, որը կատարում է իր առաջին չվերթը դեպի Գյումրի, և սա նոր գնացք է, որը լրիվ գործարանային վիճակում ներկրվել է Հայաստան, և առաջին չվերթն ենք կատարում Գյումրի»։
Այնուհետև վարչապետի աշխատակազմը մամլո հաղորդագրություն տարածեց՝ «Վարչապետը Գյումրի է ուղևորվել Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր էլեկտրագնացքով»։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գյումրի է ուղևորվել Երևանի երկաթուղային կայարանից՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ թվով երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքով: …
Կառավարության ղեկավարը ծանոթացել է էլեկտրագնացքի պայմաններին, հնարավորություններին և ողջունել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից էլեկտրագնացքների ավելացման որոշումը: Դրա մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպմանը: …
Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից գնվել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից: …
ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվել է էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին»:
Երկու մամլո հաղորդագրությունների բովանդակություններից ակնհայտ է դառնում, որ երկու դեպքում էլ խոսքը գնում է միևնույն ընկերությունից ձեռք բերված միևնույն հնարավորություններով էլեկտրագնացքի մասին, այն տարբերությամբ, որ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ ձեռք է բերվել 1-ին էլեկտրագնացքը, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ ձեռք է բերվել երկրորդ էլեկտրագնացքը։
Սակայն Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ տեսաուղերձով փորձում է ցույց տալ, որ այդ էլեկտրագնացքի գործարկումը նոր և բացառիկ իրադարձություն է Հայաստանի Հանրապետությունում։ Նա մի քանի անգամ շեշտում է, որ արագընթաց գնացքով առաջին անգամ չվերթ է տեղի ունենում դեպի Գյումրի՝ ոչ մի անգամ չնշելով, որ այդ պայմաններով գնացք Հայաստանում գործարկվել է դեռևս նախորդ տարվա մարտի 16-ից, իսկ այն գնացքը, որով Նիկոլ Փաշինյանն էր ուղևորվում Գյումրի, նախորդ արագընթաց գնացքի երկրորդ օրինակն է։
Ավելին, Կառավարության մամլո հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նոր էլեկտրագնացք գործարկելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպման արդյունքում։ Մինչդեռ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դառնալով հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչ՝ Հարավկովկասյան երկաթուղին դեռևս 2008 թվականին պարտավորվել է 2008-2038 թթ-ին Հայաստանի երկաթուղային զարգացմանն ու արդիականացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը՝ ենթակառուցվածքի և 52,2 միլիարդը՝ շարժակազմի ոլորտին: 2008-2017 թթ-ին փաստացի ներդրումների ծավալը կազմել է 115,9 մլրդ դրամ կամ ներդրումների ընդհանուր ծավալի 66,4%: Իսկ 2018 թվականին ենթակառուցվածքի պահպանմանն ու զարգացմանն ուղղվել է մոտ $5,6 մլն, իսկ շարժակազմի արդիականացմանը՝ $6,6 մլն, այդ թվում՝ մոտ $5 մլն ծախսվել է երկու նոր էլեկտրագնացքների գնմանը: Ինչից էլ ակնհայտ է դառնում, որ էլեկտրագնացքների գնումները ընկերության կողմից օրակարգում են եղել մինչև Նիկոլ Փաշինյանի կառավարության ղեկը ստանձնելը։
Անհրաժեշտ է նշել նաև, որ անգամ Նիկոլ Փաշինյանի՝ էլեկտրագնացքով ուղևորման համար գրված մամլո հաղորդագրության տեքստը 90 տոկոսով նույնական է Կարեն Կարապետյանի՝ էլեկտրագնացքով ուղևորման մամլո հաղորդագրության տեքստի հետ։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մանիպուլյացիա է անում՝ այնպես ներկայացնելով փաստերը, կարծես արագընթաց էլեկտրագնացքը Հայաստանում գործարկվում է առաջին անգամ, այլ նաև իրեն է վերագրում նախորդ իշխանությունների ծրագրերի և գործողությունների հաջողությունները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը