13 04 2019

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա այցից առաջ հանդիպել է Արցախի ԱԳՆ-ին

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա այցից առաջ հանդիպել է Արցախի ԱԳՆ-ին

Ապրիլի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։

Երկուստեք կարևորվեց երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ու հանդիպումների պարբերականությունը, որը նպաստում է Հայաստանի և Արցախի միջև երկխոսության և բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը:

ԱԳ նախարարները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանն ևս մեկ անգամ անդրադարձան Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, համանախագահների և Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումներին:

Նախարարները մտքեր փոխանակեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և հումանիտար միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանը վերստին ընդգծեց, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են՝ նշելով, որ Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնը և ներգրավվածություն ունենալու սկզբունքը մնում է կարևոր խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ