06 04 2019

Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանում է պաշտոնից

Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանում է պաշտոնից

Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանում է պաշտոնից: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։

Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ:

«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք և մոտ ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարում է իր 17 տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը: Նա իր հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում արգասաբեր է գնահատում:

Jnews-ի հետ զրույցում թեմակալ առաջնորդը նշել է, որ այս փոփոխությունը որևէ անձնական կամ այլ նկատառում չունի:

«Սա իմ ցանկությունն է, սա Վիրահայոց թեմի առաջնորդի ցանկությունն է, որին ընդառաջում է Հայոց կաթողիկոսը: Այս ամբողջը մեկ բացատրություն ունի, ինչպես 2001 թվականին նշանակվեցի այստեղ ծառայության, առանց որևէ բացատրության, այնպես էլ հիմա ծառայության եմ կոչվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- ասել է սրբազանը:

Առաջիկայում, երբ նոր առաջնորդ ծառայության կոչվի Վիրահայոց թեմ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կտեղափոխվի Հայաստան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ