30 03 2019

Հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյան

Հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». Դավիթ Տոնոյան

Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ում անցնող խաղաղապահների համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Այսօր Հայաստանի խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող առաքելություններում»,-ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ Հայաստանը մտադիր է նաև իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն հիիմնադրել:

«Մեր գործընկերների, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ մենք զարգացնում ենք խաղաղապահների վերապատրաստման ազգային ծրագիրը, որը թույլ կտա մեր զինվորականներին պատշաճ վերապատրաստում անցնել: Մեր նպատակն է միջազգային կենտրոնի հիմնադրումը, որտեղ կարող են սովորել խաղաղապահներ ամբողջ աշխարհից»,-ասել է նա:

Նախարարն առանձին անդրադարձել է Սիրիա առաքելություն ուղարկելու որոշմանը, որը քննադատության է արժանացել մի շարք վերլուծաբանների կողմից. «Սիրիա ուղղված մեր մարդասիրական առաքելությունը բաղկացած է բժիշկներից և ականազերծման մասնագետներից: Այն իրականացվում է մեր ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցությամբ: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան Սիրիայի և այնտեղի հայ համայնքի խնդրանքներին»:

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը փոխում է. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը: 

«Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:

«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:

Անդրդառնալով բանակում զոհերին պաշտպանության նախարարը նշել է, որ բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած, իսպառ վերացնել հնարավոր չէ. «Անխուսափելի է, զենքով են, երիտասարդ են և պայմանները, որտեղ իրենք գործում են այս պահին, զուտ տնտեսական պատճառներով հնարավոր չէ այն վիճակի հասցնել, որ նման բաներ չլինեն»,-ասել է նա:

Նախարարն ընդգծել է՝ կարևոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսևորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում. «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»:

Դավիթ Տոնոյանը նաև կողմ է արտահայտվել բանակում կանանց դերի բարձրացմանը:

Ինչ վերաբերում է բանակում իրականացվող ծրագրերի իրականացման մեջ Սփյուռքի դերին, հիմնականում նվիրատվությունների տեսքով, պաշտպանության նախարարն ընդգծել է. «Ամենաչսիրած բանը Զինված ուժրում հանգանակության խնդիրներն են: «Մեզ՝ զինվորականներին, սովորեցնում են չխնդրել, չվախենալ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ