29 03 2019

Հաղթող և պարտվող չի եղել․ ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը

Հաղթող և պարտվող չի եղել․ ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Ալիևը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ: Այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող քննարկումները շարունակել են առանձնազրույցի ընթացքում: Հանդիպման ավարտին մոտ համանախագահները և ԱԳ նախարարները կրկին միացել են երկու երկրների առաջնորդներին:

Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը: Զրուցակիցներն ընդգծել են բանակցային գործընթացի համար բարենպաստ Հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով նպաստավոր մթնոլորտ ձևավորելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլերի իրականացման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

Կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ համաձայնելով շարունակել երկխոսությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։

«Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Նրանք մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հիմնական հարցերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ:

«Երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա հստակ և զգալի քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Վերհիշելով իրենց զրույցը Դուշանբեում՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Նրանք համաձայնել են նաև հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել:

Վարչապետն ու նախագահը հրահանգել են իրենց նախարարներին կրկին հանդիպել համանախագահների հետ մոտ ապագայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը», - նշվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Ավստրիայում ՀՀ դեսպանատանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հանդիպմանը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ հանդիպումը դրական էր և կարելի է արձանագրել, որ սկսվել է խոսակցություն, երբ կողմերը կարող են արտահայտել իրենց պատկերացումները, քննարկել իրենց օրակարգերն ու խնդիրները։

«Ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում մեր այսօրվա հանդիպումը, չեմ կարող ասել, թե տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարեւոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին եւ խոսել այն գործընթացի մասին, որի մասին ես առիթ ունեցա հայտարարելու Ստեփանակերտում եւ հետագայում նաեւ իմ ունեցած ասուլիսի ընթացքում»,- ասաց Փաշինյանը։

Այս հանդիպմանը, սակայն, հաղթող եւ պարտվող չի եղել, ընդգծեց Փաշինյանը․ «Մի այսպիսի կարեւոր նրբության անդրադառնանք․ երբ ասում եմ՝ հանդիպումը գնահատում եմ դրական, դա չի նշանակում ինչ-որ մեկի պարտություն կամ հաղթանակ։ Սա շատ կարեւոր է ընդգծել։ Ընդհանրապես մինչեւ հիմա շատ ընդունված է եղել այդպիսի տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին եւ անընդհատ փորձել գալ այն եզրակացության, թե երկու հոգի հանդիպեց, ուրեմն՝ ով հաղթեց, ով պարտվեց։  Ընդ որում, այդպես եղել է Դուշանբեում մեր հանդիպման ընթացքում, Սանկտ Պետերբուրգում ընթացած քննարկումների ժամանակ եւ Դավոսի քննարկան ընթացքում եւ այսօր։ Այս խոսակցության կարեւոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ եւ հայտարարել, որ ես հաղթեցի, դիմացինը պարտվեց։

կսվել է խոսակցություն, եւ այդ խոսակցության մեջ բնականաբար կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները, բնականաբար այս կոնֆլիկտն ունի շատ խոր արմատներ։ Եվ առաջին հերթին կարծում եմ ամենակարեւոր արձանագրումը պիտի լինի այն, որ մենք հասկանում ենք, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք, սա շատ լուրջ խնդիր է, սա շատ խոր պրոբլեմ է»։

Ես կարեւոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ մենք կարողանանք բարձրաձայնել իրար համար, թե ինչ ենք մտածում, կարո՞ղ ենք արդյոք խոսել, կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չլինի իրար վնասելու կանխավարկածը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք արդյոք սկսել խոսակցություն, որ, օրինակ, սահմանամերձ գյուղերը ապրեն բնականոն կյանքով, կարողանան զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով՝ առանց մտավախության, թե դիպուկահարները իրենց կոչնչացնեն, կարո՞ղ ենք արդյոք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որ կարող ենք քննարկել, օրինակ՝ երկու կողմերում կան քաղաքացիներ, եւ եթե հիմա ի վիճակի չենք փոխանակման որոշակի գործընթացներ հարուցել, կարո՞ղ ենք արդյոք մտածել, որ փորձենք ընտանիքների համար տեսակցություններ կազմակերպել, կարո՞ղ ենք արդյոք մենք հանձնարարել մեր ԱԳ նախարաներին, որպեսզի նրանք շարունակեն այս խոսակցությունը։ Պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, խորապես համոզված ենք մեր դիրքորոշումներում, բայց կարո՞ղ ենք սկսել ոչ միայն խոսել ամեն մեկս մեր դիրքորոշնան մասին, այլեւ փորձել խոսել նաեւ դիմացինի դիրքորոշման մասին՝ ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամաբանական է, ի՞նչն է, որ տրամաբանական չէ»։

Փաշինյանը հույս է հայտնել, որ իր և Ալիևի գնահատականները տեսանելիորեն եւ շոշափելիորեն իրարից չեն տարբերվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ