Աղվան Պողոսյանը գրում է․
«Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ալիևը բանակցային սեղանին է դրել հարձակողական զորախաղերը, սահմանագծերի առաջ տալը, ռազմաշունչ հռետորաբանությունը: Իսկ Փաշինյանը` Արցախը բանակցային սեղան վերադարձ կամ չվերադարձնելուց բացի՝ ուրիշ ոչինչ: Փոխարենը` ներքին լսարանի համար ապառիկ լվացքի մեքենայից մինչև ԱԺ նախագահի հեռուստացույցը: Կրկեսային ներկայացումներով հագեցած օրեր… Մի խոսքով, թղթե շերեփը ձեռդ ո՞ւր էս գնում, Փանո՛ս ջան»։
Paradox Media-ն գրում է․
«2018թ. գարնանը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններից հետո իշխանական ամենաբարձր մակարդակով սկսեց շահարկվել Մարտի 1-ի թեման: Տեղի ունեցան հարցաքննություններ, ցուցադրաբար հարուցվեցին քրեական գործեր, եղան մերկապարանոց հայտարարություններ այն մասին, որ այդ օրերին եղել է ուժ կիրառելու հրաման իշխանությունների կողմից: Այս հարցին անդրադարձել էր 2008թ. իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանը, ով նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միշտ խուսափել է բախումներից և ուժի կիրառմանը դեմ է եղել: Այս թեմայով հարցազրույց էր տվել նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով 2008 թ․-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը:
«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ»,- ասել էր Դավթյանը:Ի՞նչ է ստացվում. 2008թ. իրադարձությունների ժամանակ ուժային կառույցների ղեկավարները միաբերան հայտարարում ու հաստատում են, որ իրենց ուժ կիրառելու հրաման չի տրվել, սակայն ներկայիս պետական ողջ ապարատը լծված է հակառակն ապացուցելու գործին: Սրա վառ ապացույցն այն է, որ իշխանամետ լրատվամիջոցները լուսաբանում են ոչ թե 2008-ի իրադարձություններին մասնակցած անձանց փաստական մեկնաբանությունները, այլ այդ դեպքերի հետ որևէ առնչություն չունեցող Վահան Շիրխանյանի, Անդրանիկ Քոչարյանի և այլ քաղաքականապես մաշված դեմքերի հորինվածքները»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Ինչու՞ է Փաշինյանը նեղսրտում ԱՄՆ-ից
Մարտի 28-ին ԱԺ-ում տեղի ունեցավ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցում, որի ժամանակ պատգամավորներից մեկը բավական խիստ քննադատության ենթարկեց գործղ իշխանությունների արտաքին քաղաքականությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորին և անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, հայտարարեց."Ամերիկան հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան, բայց հարց է առաջանում՝ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին: Ես Ամերիկայի գործիչներին էլ եմ ասել, ես համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորն ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը A կետից պետք է փոխարինենք B կետի":
Հետաքրքիր է, ՀՀ վարչապետն ինքն իր ասածին հավատու՞մ է... Այնպիսի տպավորություն է, որ վերը նշված մտքի հեղինակը ոչ թե երկրի վարչապետն է, այլ ռոմանտիկ մեկը կամ դեռահաս, ում ինչ-որ մեկը ինչ-որ բան է խոստացել ու չի արել, որի հետևանքով վերջինս վիրավորվել է։
ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է իր շահերից ելնելով և շատ դեպքերում բացարձակ արհամարհած ունի որևէ մեկի քննադատական կարծիքն իր արտաքին քաղաքականության նկատմամբ։
Հաշվի առնելով ներկայիս միջազգային իրավիճակը` պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ եթե Վաշինգտոնը ստիպեց 50 միլիոն բնակչություն ունեցող և տարածքով ամենամեծ եվրոպական երկրին՝ Ուկրաինային, կտրուկ փոխել իր արտաքին քաղաքականությունը, էլ չեմ ասում Վրաստանի, Մերձբալթյան երկրների, ինչպես նաև նախկին Վարշավայի պայմանագրի անդամ երկրների մասին, ապա, այո՛, ԱՄՆ-ի համար Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից գլխավոր սպասելիքը արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններն էին, որոնք չիրականացան... Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած "Ամերիկան հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան" արտահայտությանը, որը, ինչպես գտնում է ՀՀ վարչապետը, չարձագանքեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, ապա կրկին ստիպված եմ կրկնել, որ ԱՄՆ-ի համար ամենակարևորն իր շահերն են և անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնում մեծ հաճույքով կհամագործակցեն մարդասպան կամ մարդակեր առաջնորդների հետ, եթե վերջիններս իրենց երկրների արտաքին քաղաքականությունում, ինչպես նաև տնտեսական ոլորտում հետևեն և հաշվի առնեն ԱՄՆ-ի շահերը։
Պարոն Փաշինյանը մտածում էր, որ եթե նա Թավշյա հեղափոխություն կատարեց Հայաստանում, իշխանության եկավ իր "քայլող" թիմի հետ, որի առաջին գործերից մեկը եղավ այն, որ նույն ԱԺ ամբիոնից նույն Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվելու, ապա ԱՄՆ-ն գրկաբաց կընդունե՞ր իրեն և միլիարդավոր դոլարների ներդրում կաներ Հայաստանում... Ամերիկացիները ողջունեցին Թավշյա հեղափոխությունը Հայսատանում միայն մեկ պատճառով՝ հուսալով, որ Երևանը կտրուկ կփոխի իր արտաքին քաղաքականությունը, այլ ոչ նրա համար, որ ռուսամետ Սերժ Սարգսյանին փոխարինի ռուսամետ Նիկոլ Փաշինյանը... Պարոն Փաշինայնը, որքան նկատել եմ, շատ է սիրում բարձրաձայնել, թե ինքն այս կամ այն երկրի ղեկավարին ինչ է ասել... Բայց բացարձակ չի սիրում բացահայտել, թե նրանք իր ասածներին ինչ են պատասխանել... Իսկ որ պատասխանում են, դրանում չեմ էլ կասկածում։
Զարմանալի է Փաշինյանի տրամաբանությունը... Ըստ նրա` ԱՄՆ-ը պետք է իր թիմի իշխանության գալուց հետո փոխեր իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` ոչինչ չստանալով մեզանից... Այդպիսի բան երբեք չի լինի։ Ժամանակին ԱՄՆ-ն ահռելի ֆինանսական օգնություն տրամադրեց Վրաստանին, Ուկրաինային, քանի որ վերջիններս բացահայտ հակառուսական քաղաքականություն սկսեցին վարել։
Սաակաշվիլին Վրաստանից դուրս բերեց ռուսական ռազմաբազաները, բայց կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, Ուկրաինան հակառուսական քաղաքականություն վարելու դիմաց զրկվեց Ղրիմից և Դոնբասից, որի դիմաց միլիարդավոր դոլլարներ ստացան։ Արդյքոք Հայաստանը պատրաստ է դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից և այլ կորուստներ ունենալ, որ ստանա ԱՄՆ-ից իր երազած օգնությունը... Փաշինյանի կարծիքով, "միամիտ" ամերիկացիները պետք է իրեն հովանավորեն, որ այդ գումարի մի մասը նա ծախսի ռուսական 102-րդ ռազմաբազայի ծախսերի կեսը հոգալու համար, Մոսկվայից գազ գնելու համար... Այս ամենը հաշվի առնելով էլ կարելի է ասել, որ ՀՀ վարչապետն ԱՄՆ-ից նեղանալու կամ սրտնեղելու իրավունք չունի... ԱՄՆ-ը մտածում է իր ազգային շահերի, այլ ոչ թե մեր ռոմանտիկ հասարակության և իշխանությունների գոհ կամ դժգոհ լինելու մասին։
Հ.Գ. Ի դեպ, «անշնորհակալ» յանկիները ժամանակին նաև չգնահատեցին Փաշինյանի հակաՀԱՊԿ-յան դեմարշը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու և վերջինիս հետկանչի շուրջ շոու սարքելու պահով»»։
Մենուա Հարությունյանը գրում է․
«Ռուսական լրատվականներն անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող իրադարձություններին՝ հստակ ընդգծելով, որ նախագահ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է և որ Նիկոլը քաղաքական վենդետա է իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Ռուսական լրատվականները հիշատակել են նաև հայտնի ձայնագրությունների փաստը ընդգծելով, որ Հայաստանի իրավական համակարգը քաղաքական գործիք է դարձել Նիկոլի ձեռքում , որի միջոցով էլ Նիկոլը քաղաքական հետապնդումներ է իրականացնում իր քաղաքական հակառակորդների կամ պոտենցիալ հակառակորդների նկատմամբ։
Այն, որ նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է և այն, որ Նիկոլը քաղաքական վենդետա է իրականացնում նախկին նախագահի նկատմամբ՝ ցանկացած բանական և վերլուծելու կարողություն ունեցող մարդու համար էլ հասկանալի է , բայց ցավալին այն է, որ փաստացի Նիկոլն իր անձնական վրեժխնդրության և իր քաղաքական մրցակիցներին ճնշելու պատճառով լուրջ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային հեղիանակությանը և դրսում Հայաստանը սկսում են ընկալել մի երկիր, որտեղ քաղաքական իշխանությունը ճնշում է իր այլակարծությունը, երկիր ուր չկա արդարադատություն և առհասարակ Նիկոլը հարվածում է մեր պետության ժողովրդավարական կերպարին։
Ստացվում ա Նիկոլը մի կողմից խոսում ա, որ ինքը ժողովրդավար ա, մեզանում տեղի ա ունեցել ամենաժողովրդավարական հեղափոխությունը, բայց իրականում ժողովրդավարության դիմակի տակ թաքնված Նիկոլը Հայաստանը դարձնում ա ավտորիտար պետություն, հակաժողովրդավարական դիկտատուրա․․․Մեծ հաշվով Կրեմլը Նիկոլին մեսիջ է ուղարկում՝ հրաժարվել հակաժողովրդավարական դիկտատուրա կառուցելու ճանապարհից և վերադառնալ ժողովրդավարական ուղի...Փաստորեն Նիկոլը նաև ժողովրդավարության հետ կապ չունի և հանուն սեփական իշխանության ոչ միայն խաբում է սեփական ժողովրդին, այլ նաև՝ վտանգում մեր պետության միջազգային հեղինակությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը