22 03 2019

Բարով վերադարձ Հին Հայաստան

Բարով վերադարձ Հին Հայաստան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իշխանափոխության ժամանակ հիմնական կարգախոսը «Նոր Հայաստանն» էր․ ենթադրվում էր, որ կերտվում է «Նոր Հայաստան», և «Հին Հայաստանն»՝ իր կլանային պայքարով, անարդարություններով, ընտրակեղծիքներով, իշխանական լծակները հարստացման համար օգտագործումով, մնում է ետևում։ Այսինքն, «Նոր Հայաստան»- նոր հարաբերություններ։

«Նոր Հայաստանը» կոնկրետ բովանդակությամբ չէր լցվել. այն ընդամենը հնի մերժումն էր և ենթադրվում էր, որ ժամանակի ընթացքում բովանդակությամբ կլցվի։

Պատահական չէր, որ «հեղափոխությունն» այդպես էլ հռչակագիր չունեցավ։ Դա նույնն է, որ երեխա ծնվի ու այդպես էլ ծննդական, անուն, ազգանուն չունենա։ Հեղափոխության հռչակագիր չհայտնվեց, որովհետև այնտեղ գրելու բան չկար. այն ընդամենը մերժում էր։

Սակայն մերժումն արդեն իսկ որոշակի առաջընթաց էր, սակայն այդ առաջընթացը կանգնեց ու սկսեց հետընթաց ապրել, որովհետև «հեղափոխության» անկյունաքարում դրվեց «Մարտի 1»-ի գործը։ Դա Հին Հայաստանի ողբերգական հանգրվաններից մեկն էր ու 1996-ի ընտրակեղծիքների հետևանքով ժողովրդական ընդվզման օրգանական շարունակությունը։

1996-ի արդյունքով հայկական քաղաքական դասը պառակտվեց ու հետագայում սկսվեցին վերադասավորումները։ 2008-ին պառակտված մի հատվածի ռևանշի փորձն էր մյուս հատվածի նկատմամբ։ Պարզ է, անարդարությունները ծնում են անարդարություններ, որոնց ընթացքը դժվար է կանգնեցնել։ «Հեղափոխությունը» կարծես թե այդ ընթացքը պետք է կանգնեցներ, սակայն «Մարտի 1»-ի գործը Հին Հայաստանի հին վեճի վերակենդանացրեց ու «հին» դերակատարները դարձան այսօրվա հերոսներն ու դիսկուրս թելադրողները, իսկ «հեղափոխականներն» ասելիք չունեն. նրանք երկրորդ պլան են մղվել։

Բարով վերադարձ Հին Հայաստան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ