Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը, նախագահներն ընդունել են պատվո պահակային վաշտի ողջույնը։
Դիմավորումիեց հետո տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը:
Ողջունելով Վրաստանի նախագահին և շնորհակալություն հայտնելով նրան իր հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամական պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում:
Սալոմե Զուրաբիշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին հյուրընկալության համար, նշել է, որ Արմեն Սարգսյանն իր երդմնակալության արարողությանը մասնակցած միակ նախագահն էր: Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը: Վրաստանի նախագահն ասել է, որ երկու երկրներին միավորում են ոչ միան աշխարհագրությունը, պատմությունը, այլև Վրաստանի հայ բնակչությունը:
Այնուհետև նախագահի նստավայրում տեղի ունեցավ երկու երկրների նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Արմեն Սարգսյանը ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Նա նշել է, որ երկու ժողովուրդների պատմությունն այսօր համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով: «Սա համագործակցության շատ լայն սպեկտր է՝ սկսած մեր մշակութային, կրթական, ժառանգությունից մինչև ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, էներգետիկա, տրանսպորտ, զբոսաշրջություն և այլն,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ներուժը հսկայական է, և այս ներուժի մեջ շատ բարձր եմ գնահատում առանձին ոլորտներում ուղղակի, կոնկրետ համագործակցությունը: Այդ համագործակցությունը պետք է լինի բազմաբնույթ»: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը հավաստումն է այն բանի, թե որքան շատ են հետաքրքրված Հայաստանի հետ հարաբերություններով: «Չնայած մեր տարածաշրջանը լարված է և խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը և մեր գրավչությունը»,-ասել է Վրաստանի նախագահը՝ նշելով, որ կայունության պահպանման շնորհիվ նախանշվում են շատ նոր ծրագրեր տարբեր ուղղություններով:
Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության ոլորտներում:
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ համաձայնելով, որ կայունությունը և կանխատեսելիությունը զարգացման կարևոր և անհրաժեշտ պայման են:
Վրաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հուլիսին Բաթումիում կայանալիք «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին: Նախագահ Սարգսյանն իր հերթին Վրաստանի նախագահին հրավիրել է հունիսին Դիլիջանում կայանալիք «Armenian Summit of Minds» միջոցառմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը