13 03 2019

Անհեթեթություն․ Փաստաբանի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի գործին ծանոթանալուց հետո



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու ՀՔԾ քննիչի ներկայացրած միջնորդության քննումը հետաձգվեց։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նախ քննիչն է ներկայացրել միջնորդությունը, հետո դատախազներն են դիրքորոշում հայտնել, հերթը փաստաբաններին է։ Մեղադրող կողմի փաստարկները, ըստ Ալումյանի, չեն փոխվել, դարձյալ համարում են, որ ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը կխանգարի քննությանը կամ կթաքնվի դրանից։

Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի համարել մասնակցել։

Հայկ Ալումյանը հայտնեց, որ երկու բողոք ներկայացրել են վճռաբեկ դատարան վաղուց, սակայն որևէ նորություն չունեն։ «Վճռաբեկ դատարանը, շատ կոպիտ չասեմ, կողմնապահություն է անում։ Այն ժամանակ, երբ դատախազներն էին բողոքարկել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը, վճռաբեկ դատարանը շտապեց նրանց բողոքը վարույթ ընդունել և քննել, իսկ մեր բողոքը, որը պետք է ավելի շուտ վարույթ ընդունվեր, որովեհտրև անձի ազատության հարցի հետ է կապված, շուտով կլինի 2 ամիս 20 օր, որևէ լուր չունենք դատարանից, էն աստիճան, որ արդեն իմսաստն էլ է սկսում կորել։

Խորհրդային ժամանակներից վճռաբեկ դատարանի շենքում ոչինչ չի փոխվել։ Երբ հարցը վերաբերում է երկու ամիս կալանավորմանը, երեք ամիս քննարկել բողոքի վարույթ ընդունելը, ուղղակի անհեթեթություն է»,- ասաց Հայկ Ալումյանը։

Անդրադառնալով գնդապետ Արշակ Կարապետռյանի ցուցմունքներին, Ալումյանն ասաց, որ դրանք այպիսին չէին, որի վրա հնարավոր լիներ կառուցել սահմանադրական կարգի տապալման մեղադրանք․ «Այս մեղադրանքը ոչ մի ընդհանուր բան չունի քրեական օրենսգրքի այդ հոդվածի հետ»։

«Մեզ համար գնալով հասկանալի է դառնում, որ հավանաբար նախատեսված է ուժային ձևով լուծել հարցը, այսինքն՝ գործը ուղարկել դատարան, այնուհետև դատարանի վրա ճնշում գործադրել այնքան, մինչև դատարանը մեղավոր ճանաչի պարոն Քոչարյանին։ Ուրիշ ձև չկա։ Այսինքն, ոչ մի նորմալ դատարան առկա մեղադրանքով չպետք է ոչ մեղադրական դատավճիռ կայացնի»,- ասաց փաստաբան Ալումյանը։

Անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, Հայկ Ալումյանն ասաց․ «Ռոբերտ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանը ցուցմունք չի տվել։ Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ, և էդ ցուցմունքն ամենավառ երևակյայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»։

Հայկ Ալումյանը կրկնեց միտքը, թե վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը, հավանաբար, հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելուց հետո անհրաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ․ «Ուրիշ բացատրություն չեմ կարող տեսնել էս աստիճանի անհեթեթ մեղադրանք առաջադրելու համար։ Երբ դեռ գործի նյութերին ծանոթ չինք, մեզ թվում էր՝ ինչ-որ նյութեր կան, որը մեզանից թաքցվում է, որը միգուցե ինչ-որ ձևով փորձել են օգտագործել։ Ինչքան ծանոթանում ենք, տեսնում ենք, որ էդ էլ չկա»։

Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներին, Հայկ Ալումյանն ասաց, որ դրանք հակասական են, սակայն որպես ցուցմունք՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ ապացույց չեն։

Հայկ Ալումյանն ասաց, որ ոչ թե փաստաբանական կողմը պետք է ապացուցի, թե ինչու պետք է Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ չմնա, այլ մյուս կողմը պետք է ապացուցի, որ դա անհրաժեշտ է․ «Դեռ չեմ հանդիպել դատական նիստի այս ամբողջ ընթացքում, որտեղ նրանք կարողանան անհրաժեշտությունն ապացուցել։ Ուրիշ բան է, որ դուք ինքներդ եք տեսել, թե ինչ ազդեցության տակ են դատարանները մինչև հիմա էդ որոշումները կայացրել։

Դա բոլորի համար հասկանալի է, ուրիշ բան է, որ դրա մասին ոչ բոլորն են խոսում։ Ուշադիր եղեք գաղտնալսումներին, և դրա վերաբերյալ պարոն Փաշինյանի, ՀՔԾ ու ԱԱԾ ղեկավարների պարզաբանումներին։ Մասնավորապես, Փաշինյանն ասում էր, որ դատավորի կողմից իրեն մեսիջ է եկել-հասել, որ գործը ջուր է։ Ես էլ եմ ասում, որ գործը ջուր է։ Եվ եթե էդ կոնֆիդենցիալ խողովակներով դատավորները պարոն Փաշինյանին տեղեկացնում են, որ գործը ջուր է, մենք ավելացնելու բան, ըստ էության, պետք է, որ չունենանք։ Եվ այն ամենը, որ այս գործընթացի շրջանակներում տեղի են ունենում, դրանք բոլորը ճնշման ազդեցության տակ են տեղի ունենում, դատական համակարգի նկատմամբ ճնշման ազդեցության հետևանք են»։

Հայկ Ալումյանի խոսքով, մեղադրանքի մեջ շատ անհստակ արտահայտություններ կան․ օրինակ՝ «Որոշվեց մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակում ընթացող ցույցը»։ Հասկանալի չէ «որոշվեց» բառը․ գրված չէ՝ Ռոբերտ Քոչարյա՞նը որոշեց, Ռոերտ Քոչարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանա՞կ որոշվեց։ Գրված չէ՝ Ռոբերչտ Քոչարյանին վերագրվում է, որ ի՞նքն է որոշել, թե՞ տեղյակ է եղել, որ որոշվել է, բայց չի միջամտել, թ՞ ինքն է դրդել, որ նման որոշում կայացվի։ «Այսինքն, պետք է մեղադրանքը հստակ լինի, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում արտահայտել։ Էսպիսի ոչ պարզ ձևակերպումներով հագեցած է մեղադրանքը։ Նախքան որ մարդ կսկսի մեղադրանքից պաշտպանվել, պետք է հասկանա, չէ՞, վերջը իրեն ինչ են վերագրել»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նշենք, որ դատական նիստը կշարունակվի մարտի 14-ին, ժամը 10։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ