ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում վերլուծեց Հայաստանի Հանրապետության և Արցախի ԱԽ համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Աշոտյանը նշեց, որ մենք լսեցինք Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեւի այս ընթացքում ամենահամապարփակ ելույթը Արցախի հարցի հետ կապված։
«Արդյո՞ք այդ ելույթը կատարյալ էր, իհարկե ոչ, արդյո՞ք բոլոր թեմաներն էին արծարված, իհարկե ոչ, այդուհանդերձ խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետության 10 ամիսների ընթացքում դեռեւս նման ամփոփ ծրագրային ելույթ չէր ունեցել Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ ճիշտ համարելով Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու ռազմավարական նպատակը, որը սակայն, նրա խոսքով, չուղեկցվեց մարտավարական ճիշտ աշխատանքով։
«Նիկոլ Փաշինյանը գերագնահատեց իր եւ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության աշխարհաքաղաքական կարեւորությունը, քաշը, եւ այս փուլում այդ մոտեցումը չգործեց։ Այդուհանդերձ, Փաշինյանն այսօր փորձեց համադրել իր՝ որպես քաղաքական գործչի տված խոստումները եւ վարչապետական պատասխանատվությունը։ Խոստովանենք, որ այս սինթեզը կարող է այս փուլում աշխատել՝ որպես նախերգանք Փաշինյան-Ալիեւ գալիք հանդիպման»,- նշեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը հավելեց, որ ելույթի երկրոդ մասը բավականին ընդունելի էր և ընկալելի, քանի որ Փաշինյանը «փաստացի առաջին անգամ անդրադարձավ նախորդ իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի և էդվարդ Նալբանդյանի կողմից բանակցված հիմնարար սկզբունքներին և չհրաժարվեց դրանցից, որը շատ կարեւոր մեխ է»։
«Նիկոլ Փաշինյանի շեշտադրումները ճիշտ էին և ունիվերսալ․ կարեւոր է, որ այդ սկզբունքները շարունակվեն դետալիզացվել։ Այսօր այդ շեշտադրումների եւ դետալների շուրջ բանակցելու քաղաքական որոշման մասին ազդարարեց Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ այդ սկզբունքերի ընդունումն ապացույց է այն բանի, որ նախորդ իշխանությունները չեն բանակցել հողեր հանձնելու շուրջ․ «Ուզում եմ հիշեցնել, որ իմ պատգամավոր եղած ժամանակ առիթ եմ ունեցել հարց ուղղելու Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի հարցի հետ կապված, եւ ստացել եմ պատասխան, որին հակասում է այսօրվա Նիկոլ Փաշինյանը։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ինձ ի պատասխան ասաց, որ ձեր իշխանությունները բանակցում էին բացառապես հող հանձնելու մասին»,- հիշատակեց Աշոտյանը։
Ինչ վերաբերում է վարչապետի ելույթի երրորդ՝ խաղաղության նախապատրաստման վերաբերյալ բաղադրիչին, ապա այն, Աշոտյանի խոսքով, ավելի շուտ որոշակի տուրք է քաղաքական բառապաշարային մոդային, քան իրականություն։ «Այդպիսի գործողություններ հնարավոր են, եթե երեք կողմերը հասկանան, թե այդ խաղաղությունը ինչպիսին է լինելու, հնարավոր չէ հասարակություններին պատրաստել խաղաղության, եթե հասարակությունները չգիտեն խաղաղության վերջնական բանաձեւը ինչպիսին է լինելու»,- ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի եւ Արցախի համատեղ հաղորդագրության մեջ Վիեննայի, Սանկտ Պետերգուրգի, Ժնեւի պայմանավորվածությունները վերադարձան Հայաստանի կողմից առաջ մղվող բանակցային օրակարգ։
Աշոտյանը նշում է՝ Հայաստանի իշխանությունը պետք է պատրաստ լինի ռազմական սցենարի, «ապրիլ-2» սցենարին, նաեւ պետք է ավարտին հասցել Արցախի հետ ռազմաքաղական դաշինքի մշակումը։
ՀՀԿ փոխնախագահը վերջում նշեց՝ եթե Փաշինյանը տապալի դիվանգիտական մարտը, ապա ամբողջ երկիրը կտուժի, հետեւաբար իշխանությունները պետք է սովորեն աշխատել ընդդիմության հետ եւ երկրի ներսում վերացնեն բաժանարար գծերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը