08 03 2019

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լեւոչկինան եւ Անդրեյ Շիրցելը մարտի 12-ից 14-ը ճանաչողական այցով կժամանեն Հայաստան:

Քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների եւ նոր կառավարության առաջնահերթությունների, ինչպես նաեւ ժողովրդավարական եւ սոցիալական բարեփոխումների վրա:

Համազեկուցողները կհանդիպեն նախագահի, խորհրդարանի խոսնակի, վարչապետի, ինչպես նաեւ արտաքին գործերի, արդարադատության եւ սոցիալական հարցերի նախարարների հետ:

Բանակցություններ են  նախատեսված նաեւ գլխավոր դատախազի, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի, օմբուդսմենի, հատուկ քննիչ հանձնաժողովի ղեկավարի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Խորհրդարանում համազեկուցողները պետք է հանդիպեն մարդու իրավունքների եւ հանրային հարցերի,  ինչպես նաեւ պետական եւ իրավական հարցերի  խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հետ: Նրանք առանձին հանդիպումներ կանցկացնեն խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:

ԵԽԽՎ համազեկուցողները նաեւ կհանդիպեն անկախ քաղաքական վերլուծաբանների հետ եւ կլոր սեղաններ կանցկացնեն մի շարք ՀԿ-ների հետ, որոնք զբաղվում են ժողովրդավարական, դատական եւ սոցիալական հարցերի բարեփոխումներով:

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի 10 անդամ պետություններից մեկն է, որոնց վերաբերյալ Վեհաժողովը մոնիթորինգներ է անցկացնում, ինչը ենթադրում է կանոնավոր երկխոսություն եւ առաջընթացի պարբերական քննարկում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ