08 03 2019

Առաջին տիկնոջ փնտրտուքից մինչև ադրբեջանական խոշոր զորավարժություն․ Ակտիվ Facebook

Առաջին տիկնոջ փնտրտուքից մինչև ադրբեջանական խոշոր զորավարժություն․ Ակտիվ Facebook

Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանի զինված ուժերը մարտի 11-ից 15-ը լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու։

Զորավարժություններին ներգրավվելու է մինչև 10 հազար զինծառայող, 500 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում նաև հատուկ տեխնիկա, 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և 20 միավոր մարտական ավիացիա։ Զորավարժություններն անցկացվելու են հարձակողական սցենարով»։

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Ընդամենը երկու դիտարկում․

Վարչապետի տիկինը հայտարարում է, որ սեփական միջոցներով է գնացել շրջագայության, բացի այդ՝ ինքնաթիռը, միևնույն է, գնում էր։ Որոշներն էլ պաշտպանում են, թե բա՝ ինքնաթիռը դատարկ է գնում, էն մարդիկ իրենց գրպանից են փողը դրել, բա Սերժի ժամանակ որ գնում էին․․․

Սեփական միջոցներով գնալ նշանակում է չվերթի ծախսերը հոգալ սեփական գրպանից։ Գնալ հեծանիվով, ավտոմեքենայով, նավով, ուղղաթիռով, էլի ինչ-որ բանով, բայց վճարել դրա համար։ Եթե չես եղել պաշտոնական պատվիրակության կազմում, բայց ոտք ես դրել այդ պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռ, ուրեմն գնում ես պետության հաշվին։

Ինչ վերաբերում է դատարկ գնալուն, ասեմ. դուք ժողովրդի ներկայացուցիչն եք, ինչպես հաճախ եք ասում` ժողովուրդն է ձեզ բերել, այնուհետև ընտրել, չեք ուզում, որ դատարկ նստարանների համար պետբյուջեից փող գնա, ու ստիպված գնում եք։ Այդ դեպքում առաջարկեմ այլ՝ ավելի ժողովրդական լուծում․ ասենք, թող ամեն արտասահմանյան այցից առաջ Նիկոլ Փաշինյանը սեփական ուղիղ եթերում հայտարարի՝ հպա՛րտ քաղաքացի, էսինչ օրը գնում եմ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Թեհրան, Բրյուսել, Նյու-Յորք․․․ ինքնաթիռում այսքան ազատ աթոռ կա, եկեք-տանեմ։ Գուցե մարդիկ կան, որ պետք է բուժման համար գնան, բայց ինքնաթիռի տոմսը թանկ է, ու չեն գնում, կան մարդիկ, որ ավտոբուսով են գնում, մարդիկ գնում են Վրաստան ու այնտեղից՝ նպատակակետը, քանի դարձյալ այստեղ թանկ է տոմսը։ Ուրեմն՝ այդ մարդկանցից նստացրեք վարչապետի ինքնաթիռ և թող «սեփական հաշվին» գնան։ Անվտանգության խնդիրնե՞ր կան, չենք կարծում, լուծելի է անկասկած։ Հիշո՞ւմ եք՝ կառավարական ամառանոց տեղափոխվելուց հետո, Ձեր տունը հատկացրիք կարիք ունեցող ընտանիքի, ամառանոցում էլ հյուրընկալեցիք մեծաթիվ աշակերտների, ծնողների։

Հազար ու մի հոգս ունեցող երկիր ենք, քննարկելու լիքը հարցեր կան, ու զարմանալի է, որ հիմա կարևոր թեմա է դարձել վարչապետի տիկնոջ ուղևորությունները։ Ինչո՞ւ է զարմանալի․ որովհետև նախորդ բոլոր ղեկավարների պարագայում նման դեպքեր չենք հիշում։ Պատճառը ոչ թե այն է, որ նրանք բավարար չափով ուշադրության կենտրոնում չեն եղել, այլ՝ որ չտեսություն չեն արել։ Ո՞վ է ասում, մի շրջագայեք, ամուսնու հետ մի շփվեք։ Սակայն եթե ձեզ թվում է միայն ձեր բարձրաստիճան ամուսինն է, որ զբաղված է, սխալվում եք, նախկինները ոչ պակաս են զբաղված եղել և տարիներով ընտանիքի հետ շփվել են փոքր դոզաներով։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հարցրեք, նույն պատմությունը կպատմեն, էլ չենք ասում՝ երկրի նախկին ղեկավարները։

Կարծես Հայաստանի նորօրյա առաջին դեմքերը հասկացել են, որ իրենց իշխանությունը ոչ միայն հավերժ չէ, այլև խիստ կարճաժամկետ է, տարվա եղանակների պես, ու որոշել են օգտվել ինչից հնարավոր է՝ առանց անհանգստանալու ծաղրի առարկա դառնալուց։ Այո, ծաղրի առարկա։ Ֆուտբոլի առաջնության օրերը հիշեք․ պետությունների ղեկավարների սեղանին միակ տիկինը Աննա Հակոբյանն էր, որը նշում է, թե ինքնաթիռից ֆոբիա ունի, ու մեծ լավություն է անում մեր ժողովրդին, որ իր դիրքի պատճառով գնում է․․․ շրջագայության։

Թևավոր խոսքն ասում է․ «Մի քիչ քեզ, տեսած պահի․․․»»։

Հանրային առողջության մասնագետ Գևորգ Գրիգորյանը գրում է․ «Հաշվի առնելով վերը նշված անհերքելի փաստը՝ պետք է ասեմ, որ համակարծիք եմ առողջապահության նախարարի այն պնդման հետ, որ պետք է ծխախոտի հարկային դրույքաչափը կազմի ոչ թե 2000, այլ 8000 ՀՀ դրամ: Ծխախոտի հարկային դրույքաչափի, հետևաբար նաև գնի բարձրացումն ունի ապացուցված էֆեկտիվություն ծխելու դեմ պայքարի գործում, ուստի ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների դիրքորոշումն անընդունելի է:

Մի կողմից շրջանառության մեջ դրված է «հակածխախոտային» օրենքի նախագիծ, որը պարունակում է մեծ քանակությամբ կոռուպցիոն ռիսկեր և ակնհայտ կերպով վնասում է մեր երկրի տնտեսությանը և բիզնեսին, ինչի արդյունքում հարկային մուտքերը խիստ նվազելու են, և այդ մասին կառավարության նույն ներկայացուցիչները լռում են, մյուս կողմից այդ նույն ներկայացուցիչները «մտահոգվում» են բյուջե եղած մուտքերի մասին... Հասկանում եմ, որ արդեն ծխախոտի վաճառքից գումար է հատկացվելու վարչապետի տիկնոջ հիմնադրամին, ուստի պետք չէ «նեղացնել» նրանց...

Հասկանում եմ նաև, որ «հակածխախոտային» օրենքի նախագիծը թերի է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր (ինչը հնարավոր է շտկել), բայց դա բավարար շարժառիթ չէ նման կերպ աշխատելու համար...

Սրանք երկակի ստանդարտներ են, որոնք կրկին հարվածելու են քաղաքացիների գրպաններին, փոքր և միջին բիզնեսին, բայց առավելություն են տալու ծխախոտ արտադրող ընկերություններին...»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՈՎ Է ՀՀ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ

Այսօր կանանց տոնի առթիվ տղամարդիկ շնորհավորում են կանանց, իսկ շատերը՝ նաև ՀՀ առաջին տիկնոջը:

Իսկ ո՞վ է (համարվում) Հայաստանի առաջին տիկինը:

Այս հարցի պատասխանը տալու համար ընդամենը պետք է պարզել, թե Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ով է հանդիսանում Հայաստանի թիվ 1 պաշտոնատար անձը:

Եվ այսպես, ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է նախարարների աշխատանքը։ Մի կողմից էլ, նա առ այժմ անմիջականորեն վերահսկում է ուժային իրավապահ կառույցներին։ Համաձայնեք՝ հզոր պաշտոն է…

Հա, բայց այդ նույն Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ այդ նույն վարչապետի ղեկավարած կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՀՀ Ազգային ժողովը, որն ունի նախագահ։ Այսինքն՝ ի՞նչ…

Արի ու տես, որ այդ նույն Սահմանադրության 123-րդ հոդվածն էլ սահմանում է, որ պետության գլուխը ՀՀ Նախագահն է…

Հիմա ի՞նչ, ո՞վ է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձը, հետևաբար և՝ ո՞վ է հանդիսանում ՀՀ առաջին տիկինը… Դե լավ, դա մի կողմ, կանանց տոնը շնորհավոր, թող մեր կանայք լինեն ուրախ ու երջանիկ…»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ