05 03 2019

Ատոմ Ջանջուղազյանի արձագանքը՝ Արփինե Հովհաննիսյանին

Ատոմ Ջանջուղազյանի արձագանքը՝ Արփինե Հովհաննիսյանին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքել է ԱԺ նախկին փոխխոսնակ  Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառմանը՝ պետական աշխատողների օպտիմալացման մասին:

Ատոմ Ջանջուղազյանը այսպես է արձագանքել. «Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այսքան մարդ պետք է կրճատվի, ընդամենը ձևակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է՝ պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ պայմանական ասած՝ տուժելուց, ընդ որում՝ դա փակագծերի մեջ է ներառված, և դա չի կարող վերաբերվել նրանց, ովքեր արդյունք են ստեղծում»,- ասել է նախարարը:

Ըստ նախարարի՝ այդ փաստաթղթի նպատակն ամենևին կրճատումների վրա կենտրոնացումը չէ. «Ընդհակառակը, դա շատ լավ արտահայտված և նկատելի տեղում դրված էր կառավարության ծրագրում, թե ինչպիսի գործընթաց է նախատեսվում իրականացնել կառավարումը օպտիմալ դարձնելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրությունը, որոնցով ներկայացվում է պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։

«Այս ամիսները վկայությունն են, որ Հայոց պետականության համար վտանգավոր են միայն ՀՀ Կառավարությունում եւ Ազգային ժողովում ծվարած մի շարք նորանշանակ պաշտոնյաներ, որոնց պատճառով շատ ենք տուժՎելու (էդպես էլ չիմացանք, նորանշանակները ինչու՞ են շատ սիրում աղավաղել հայերենը)։

Հետաքրքիր է՝ ինչպիսին է լինելու Վարչապետ Փաշինյանի հրապարակային արձագանքը այս փաստաթղթին, թեեւ ես գիտեմ, թե ինչպիսն է եղել նրա պաշտոնական արձագանքը։ Որ քաղաքացու օր էիք ուզում հռչակել, դրա մեջ այս 10000 քաղաքացիները մտնում են, թե՞ ոչ: Հաշվել ե՞ք, թե որքան մարդ է կանգնած այս մարդկանց հետևում, թե՞ նրանք էլ են հավելյալ արդյունք չստեղծող: Գիտեմ, որ ձեզ քվե են տվել, որ օպտիմալացնենք (դա ձեր ֆանտաստիկ ինտերպրետացիան է), իսկ կասեք՝ արդյո՞ք քվե տվել են իրենց այսպես վիրավորելու ու ծաղրելու համար»-գրել էր Արփինե Հովհաննիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ