Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։
Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն և սերնդակիցները, և հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ և հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի և Սպարապետի: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին, ում անմիջական և գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը:
«Նա իր արած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը՝ որպես հայրենիքի հավերժ զինվոր»,- շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը