ՀՀԿ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Դիվանագետի օրվա առթիվ և անդրադարձել ՀՀ արտաքին քաղաքականությանը։ Նա նշել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, չհիմնավորված դժվարություններ, մարտահրավերներ ու շատ դեպքերում անհարմարություններ է առաջ բերում նաև արտաքին քաղաքական ճակատում: Գրառման մեջ ասվում է. «Այսօր մեր երկրի Դիվանագետի օրն է (ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությանը օրը)։
Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, ու շատ բաներ պետք էր սկսել զրոյից՝ գրեթե ոչնչից: Չնայած բոլոր դժվարություններին, տարիների ընթացքում մեզ հաջողվել է կյանքի կոչել դիվանագիտական ծառայության կուռ մի համակարգ, որն այսօր իր մասնագիտական որակներով կարող է մրցել դիվանագիտության և արտաքին հարաբերությունների ավանդույթներ ունեցող երկրների հետ։
Դարեր առաջ Իսրայել Օրին` հայոց պետականության առաջամարտիկը, երազել անգամ չէր կարող խոսել հայոց պետության անունից, տարիներ առաջ Դիանա Աբգարը չէր կարող պատկերացնել, որ կգա այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության դրոշը մի օր կծածանվի միջազգային կազմակերպությունների կենտրոնակայանների և հայկական դեսպանատների առջև։Այսօր հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ շուրջ 160 պետությունների հետ, հանդիսանում ենք 87 միջազգային կազմակերպությունների անդամ, արտերկրում գործում են 60-ից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ:
Դիվանագետը մեզ մոտ հաճախ նույնացվում է կոկիկ հագնված, բարետես արտաքինով, լեզուներ իմացող կերպարի հետ, և այդ ամենի հետևում չի երևում դժվարին աշխատանքը: Ինչպես ընդունված է ասել, դիվանագիտությունը նման է սառցաբեկորի. այն մասը, որը երեւում է, շատ փոքր մասն է միայն, իսկ ամենամեծ աշխատանքը մնում է անտեսանելի։
Շուրջ մեկ տասնամյակ աշխատանքային բազմաթիվ առիթներ եմ ունեցել շփվելու մեր արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների, արտերկրում աշխատող մեր դիվանագետների հետ և ինձ միշտ ոգևորել է, թե ինչպիսի նվիրվածությամբ և ջանասիրությամբ են նրանցից շատերը մոտենում իրենց վստահված գործին՝ տարբեր հարթակներում և երկրներում ներկայացնում մեր երկիրը, պաշտպանում մեր շահերը։
Ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ դիվանագիտական կորպուսին՝ մասնագիտական տոնի առթիվ: Առողջություն, անկոտրում կամք և անընդհատ հաջողություններ եմ մաղթում Ձեզ՝ Ձեր բարդ ու դժվարին առաքելության մեջ:
Գիտեմ, որ այն ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, չհիմնավորված դժվարություններ, մարտահրավերներ ու շատ դեպքերում անհարմարություններ է առաջ բերում նաև արտաքին քաղաքական ճակատում՝ հատկապես Ձեզ համար: Մաղթում եմ, որ ամուր լինեք Հայաստանի Հանրապետության շահերն անվերապահ ներկայացնելու ու պաշտպանելու Ձեր բարձր առաքելության մեջ: Ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը