«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ Մարիամ, չէի գրի այս նամակը, եթե ականատես չլինեի համացանցում քո գրառման բազմաբնույթ արձագանքներին ու մեկնաբանություններին։ Ասեմ, որ ցավոք այդ մեկնաբանությունների մեծ մասը համապատասխանում է իրականությանը։ Այսօր, իրականությունը ներկայացնելով, ամեն դեպքում, ցանկանում եմ քաջալերել քեզ։ Քո ծնողների վարած ապաշնորհ քաղաքականության արդյունքում մենք ունենալու ենք մեծ հիասթափություն հասարակության կողմից, որը բերելու է արտագաղթի ավելացման։ Այո՛, մենք կանգնած ենք մեր երկիրը կորցնելու սահմանագծին և սխալվելու իրավունք չունենք։
Պատճառն այն է, որ իշխանության եկածները չեն գիտակցում իրենց տեղն ու դերը, չեն տիրապետում պետություն կառավարելու արվեստին և փոքրիկ գազանիկների նման ընկնում են պետության ղեկավարման ծուղակների մեջ։ Պետք չէ զարմանալ, որ մարդիկ ցանկանում են ապրել, ապահովել իրենց երեխաներին մի կտոր հացով։ Պետք չէ զարմանալ, որ քննադատում եմ հանրային միջոցների մսխումը, բարձրաձայնում են իրենց խնդիրները։ Մարդիկ հավատացել են քո ծնողներին, հաղթահարել են իրենց վախը և դուրս են եկել փողոց։
Արդյունքում, իրենց վիճակում դիտվել է միայն բացասական փոփոխություն, իսկ նոր տերերը եկել ու թալանում են մեր երկիրը։ Դժգոհությունը հիմնավոր է։ Չնայած իմ և քո ծնողների քաղաքական հայացքների անշրջելի հակասությանը, ես համոզմունք ունեմ, որ երեխաներին չի կարելի խառնել ոչ մի քաղաքական գործընթացի մեջ։ Հայ ազգի յուրաքանչյուր երեխա պետք է լինի մերը, հեռու կեղտից, բամբասանքից, սադրանքից ու վտանգից։ Գիտես՝ ժամանակին, երբ քո ծնողների հորդորով ու կազմակերպմամբ, ահաբեկում էին Էդուարդ Շարմազանովին, նրա երեխաները շատ էին սրտնեղում։ Երբ քո ծնողները հարթակից իջեցնում էին Զարուհի Փոստանջյանին, ով մինչև հայտնի քայլարշավը Հայաստանի քաղաքներում ու գյուղերում ժողովրդին ընդվզման էր պատրաստում, և միկրոֆոնը փոխանցում էին ապաքաղաքական թամադաներին, նրա երեխաներն էլ էին սրտնեղում։ Հավանաբար տեղյակ ես, որ 2017-ին Երևանի ավագանու նիստի կռվի ժամանակ ինձ ծեծած մարդկանց հետ իմ հակամարտությունը ես անցյալում եմ թողել։ Այո՛, Մարիա՛մ, հետ եմ վերցրել բողոքս։
Եվ գիտե՞ս՝ ինչու։ Որովհետև նրանք որպես տույժ պետական գանձարան էին վճարելու որոշակի գումար։ Հասկանո՞ւմ ես, իրենց երեխաների բերանից կտրելու էին ու պետությանը վճարելու մեծ գումարներ, որոնք հետո քո ծնողները պարգևավճարների տեսքով բաժանելու էին։ Իսկ ես դեմ եմ նման գործելաոճին։ Իմ անվան ու վարկանիշի անկման վտանգը քաջ գիտակցելով, ես ի զորու չեղա երեխաների բերանից հաց կտրել։
Հավանաբար, այն ժամանակ դու էլ ես տարբեր բաներ մտածել իմ մասին, լսել ես գունագեղ քննադատություններ ու խոստացել ես ինքդ քեզ, որ իմ նմանը չես դառնա։ Այնուամենայնիվ, անկախ իմ քաղաքական հայացքներից, պատկերացումներից, սկզբունքներից, հակամարտություններից (որոնցից հետ չեմ կանգնելու), ես գտնում եմ, որ մեր երկրում յուրաքանչյուր երեխա պետք է քայլի գլուխը բարձր պահած ու հպարտ այն փաստով, որ հայ է։ Մեր արարքներից տուժում են ոչ միայն մեր երեխաները, այլև՝ մեր ծնողները։ Նրանք յուրաքանչյուր հայհոյանք ու վիրավորանք ավելի ծանր են տանում, քան մենք ինքներս, բայց բարձրաձայն քաջալերում են մեզ, հավատում են մեր գաղափարներին, նվիրվածությանն ազգին ու գործողություններին։ Մենք պատասխանատու ենք նաև մեր ծնողներին ցավ պատճառելու համար։
Ես պայքարել եմ մինչև իշխանափոխություն և դրանից հետո` անարդարության, հակապետական գործողությունների դեմ, և շարունակելու եմ պայքարել։ Ցավով պետք է նշեմ, որ քո ծնողների ղեկավարումը նշանավորվեց ֆեյսբուք սոցիալական ցանցում հայհոյանքների մշակույթի ու գաղջ մթնոլորտի ձևավորմամբ։ Իսկ բումերանգը հետ է բերում թե՛ լավը, թե՛ վատը։ Հավանաբար այս նամակն էլ կողողվի շռայլ հայհոյանքներով ու քննադատություններով։ Ու թեև ես ունեմ քաղաքական լուրջ անհամաձայնություն քո ծնողների հետ, ես քեզ սիրում եմ որպես իմ ազգի երեխա և պատրաստ եմ պաշտպանել, ինչպես իմ երեխային կպաշտպանեմ, ինչպես կպաշտպանեմ մեր ազգի ցանկացած երեխայի։ Մի՛ սրտնեղիր և լա՛վ եղիր…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը