2019թ․ փետրվարի 12-ին ՀՀ զինվորական դատախազությունը, ամփոփելով 2018-ին զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, եկավ եզրակացության, թե՝ 2017 թվականի համեմատ հանցագործությունները նվազել են 5.5%-ով: Ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1173 զինծառայող՝ 2017-ի 1813-ի դիմաց, նվազումը կազմում է 640 դեպք կամ 35.3%: Ըստ հանցատեսակների՝ նվազել են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 10.4%-ով։ Մի փոքր հետ գնալով՝ հիշեցնենք․ գլխավոր դատախազության հունվարի 15-ի հայտարարությունը 2018 թվականին ՀՀ ԶՈՒ-երում մահվան դեպքերը 17%-ով, իսկ զինվորական ծառայության հետ կապված դեպքերը՝ 32%-ով նվազելու մասին:
Որ բանակում զոհերը, մահվան դեպքերը, հանցագործությունները նվազել են, միանշանակորեն դրական արդյունք կարելի է համարել։ Բայց արդյո՞ք նվազել են։ Կամ հարցը ձևակերպենք այլ կերպ՝ նվազել են իրականո՞ւմ, թե՞՝ թղթի վրա։
Փետրվարի 10-ին, օրինակ, հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 31-ին հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:
Դեկտեմբերի 31-ին ևս մեկ դեպք էր պատահել, որի մասին իմացանք արդեն 43 օր անց։ Մասնավորապես, դեկտեմբերի 31-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում նռնակի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած պայթյունից պարտադիր ժամկետային զինծառայողներ Ս.Թորոսյանը, Մ.Մանուկյանը և Ա.Մարաբյանը ստացել էին պայթյունաբեկորային մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Այս մասին ՔԿ-ն հայտնեց 2019թ․ փետրվարի 12-ին։
«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ տեղեկատվություն և դա չի արել տարիներ շարունակ»,- ասում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Դեպքի մասին 40 օր անց հայտնելը կոծկում չէ՞։ Մենք մշտապես գնահատել ենք ՊՆ գործելաոճը, երբ մարդկային ու նյութական կորուստները չի թաքցրել, ինչը չես ասի հակառակորդի մասին։ Բայց պարզվում է, որ այսպես ասած՝ նոր Հայաստանում կոծկումը դառնում է գործելաոճ։
Հիմա հարց՝ արդյո՞ք նոր կառավարությանը դրական լույսի տակ ներկայացնելու համար արժե գնալ նման քայլի։ Թաքցնելը, կարծում ենք, որևէ արդարացում չունի՝ անկախ նրանից, թե ինչի հիմնավորմամբ է դա կատարվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը